Մատչելիության հղումներ

Ըստ ամերիկյան հետախուզության, ռուսները միջամտել են նաև 2020 թվականի նախագահական ընտրություններին


ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնս, Վաշինգտոն, արխիվ

Ամերիկյան հետախուզական կառույցների նոր զեկույցի համաձայն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գիտեր և, ամենայն հավանականությամբ, համակագրել է Միացյալ Նահանգներում 2020 թվականի նախագահական ընտրություններին հօգուտ գործող հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի՝ միջամտելու ռուսական գաղտնի ծառայությունների ջանքերը:

Դրանց նպատակն էր, ըստ երեկ հրապարակված զեկույցի, «ապակողմնորոշող տեղեկատվությամբ և չհիմնավորված մեղադրանքներով վարկաբեկել դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենին»:

Զեկույցը հրապարակել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրինությունը: Փաստաթղթում ընդգծվում է, որ «Թրամփի դաշնակիցները գործել են ի նպաստ Մոսկվայի և նոյեմբերի 3-ի քվեարկությունից առաջ տարածել են Բայդենի անվան հետ կապված սուտ մեղադրանքներ»:

Զեկույցում ասվում է, որ, ինչպես 2016 թվականի ընտրությունների ժամանակ, Ռուսաստանում գործող Ինտերնետի հետազոտությունների գործակալությունը, որը հայտնի է նաև որպես «թրոլների ֆաբրիկա», սոցիալական ցանցերում տարածել է Բայդենին և դեմոկրատականներին վարկաբեկող նյութեր, փորձել է հանրությանը հավատացնել, թե տեղեկատվական ոլորտի ընկերությունները գրաքննություն են սահմանում, ինչպես նաև փորձել է սրել ԱՄՆ-ում ռասայական տարաձայնությունները:

Զեկույցում ասվում է, որ Թրամփի աջակիցներն անհիմն տեղեկություններ են տարածել այն մասին, որ Չինաստանն էլ ընտրարշավում, իբր, Բայդենին է սատարում: Զեկույցում նշվում է, որ Իրանը փորձել է վնաս հացնել Թրամփի ընտրարշավին:

«Մենք համաձայն չենք այդ զեկույցում արված եզրակացությունների հետ, Ռուսաստանը ոչ անցյալում, ոչ էլ 2020 թվականին չի միջամտել ԱՄՆ ընտրություններին: Դա բացարձակ անհիմն չապացուցվող եզրահանգում է», - այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

XS
SM
MD
LG