Մատչելիության հղումներ

1921 թվականին Ռուսաստանն ու Թուրքիան հերթական անգամ բաժանեցին Հայաստանը 


Թուրքիայի նախագահ Էրդողանը (Ձ) և Ռուսաստանի նախագահ Պուտինը, արխիվ
Թուրքիայի նախագահ Էրդողանը (Ձ) և Ռուսաստանի նախագահ Պուտինը, արխիվ

Հարյուր տարի առաջ այս օրը՝ 1921-ի մարտի 16-ին Մոսկվայում Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրեցին «Բարեկամության և եղբայրության մասին պայմանագիրը», որով ոչ միայն ամրագրվեց Հայաստանի առաջին Հանրապետության կործանումը, Հայաստանի կամքին հակառակ գծվեց հայ-թուրքական ներկայիս սահմանը, այլև՝ պայմանագրի հիմքում ընկած աշխարհաքաղաքական տրամաբանությունը որոշիչ դարձավ 2020-ի 44-օրյա պատերազմի սանձազերծման համար, այսօր նման կարծիք հայտնեցին «Ազատության» զրուցակիցները։

«Ինչպես պատկերավոր կասեր Սիմոն Վրացյանը, մենք հայտնվել էին թուրքական սալի և բոլշևիկյանի մուրճի միջև», - ասում է Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։

Նա հիշեցրեց Մոսկվայի պայմանագրի նախապատմությունը․ 1920 թվականին Հայաստանի Հանրապետությունը հարձակման ենթարկվեց նախ խորհրդային Ռուսաստանի, այնուհետև՝ քեմալական Թուրքիայի կողմից․ - «Հիմքերը պետք է տանել 1920 թվականի ապրիլի 24, երբ ստորագրվեց «անկեղծ և սրտագին բարեկամության» սովետա-թուրքական քեմալական պայմանագիրը, որը իր սուր ծայրով ուղղված էր Հայաստանի դեմ։ Եվ պատահական չէ, որ ընդամենը սեպտեմբերի 1-ից 8-ը տեղի ունեցած Բաքվում Արևելքի մուսուլման ժողովուրդների համագումարում անկախ Հայաստանը հռչակվեց որպես միջազգային իմպերիալիզմի որջ, իսկ արդեն խորհրդայնացած Ադրբեջանը՝ որպես միջազգային պրոլետարիատի միջնաբերդ։ Սեպտեմբերի 23-ին սկսվեց թուրք-հայկական պատերազմը, որն ավարտվեց Հայաստանի պարտությամբ, որովհետև մինչ այդ արդեն 11-րդ Կարմիր բանակի զորքերը մտել էին Ղարաբաղ, Զանգեզուր և Նախիջևան մինչև օգոստոս ամիս, և օգոստոսի 10-ին կնքվել էր Թիֆլիսում հայ-ռուսական համաձայնագիր, որով այդ տարածքները ճանաչվում էին վիճելի տարածքներ Ադրբեջանի և Հայաստանի միջև»։

Հայաստանի վերաբերյալ Ռուսաստանի և Թուքիայի պայմանավորվածությունները այնքան համապարփակ էին, որ կողմերը անգամ ընդհանուր հայտարարի էին եկել Հայաստանը խորհրդայնացնել քեմալական Թուրքիայի զորքերի օգնությամբ։

«Երբ նոյեմբերի 6-ին քեմալականները մտան Ալեքսանդրապոլ, հաջորդ օրը, ի նշանավորումն Հոկտեմբերյան հեղափոխության երրորդ տարեդարձի, հաղթահանդես կազմակերպեցին», - նշում է Մելքոնյանը։

Հայաստանի առաջին Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին, իսկ արդեն երեք ու կես ամիս անց Մոսկվայում Ռուսաստանն ու Թուրքիան առանց Հայաստանի ներկայացուցիչների որոշեցին Հայաստանի սահմանները, որոնք գործում են ցայսօր։

Մոսկվայի պայմանագրի 15-րդ հոդվածով Ռուսաստանը խոստացավ պարտավորեցնել հարավկովկասյան հանրապետություններին, այդ թվում՝ խորհրդային Հայաստանին, ընդունել Մոսկվայի պայմանագիրը, որն էլ արվեց մոտ կես տարի անց՝ 1921 թվականի հոկտեմբերի 13-ին Կարսի հնգակողմ պայմանագրով՝ քեմալական Թուրիքաի ու խորհրդային Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ։

Իրավաբանական գիտությունների թեկնածու, միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանի կարծիքով, և՛ Մոսկվայի, և՛ Կարսի պայմանագրերը միջազգային իրավունքի տեսանկյունից խոցելի է դարձնում հենց այս հանգամանքը, որ փաստաթղթերը ուժի գործադրման արդյունք են․ - «Մի շատ հետաքրքիր և զավեշտալի հանգամանք․ Մոսկվայի պայմանագրի, եթե չեմ սխալվում, առաջին իսկ հոդվածը հղում է կատարվում, որ կողմերը հրաժարվում են ուժի գործադրման արդյունքում պարտադրված բոլոր միջազգային պայմանագրերից։ Այսինքն՝ տպավորություն է, որ պայմանագիրը ինքը իր մեջ պարունակում է իր իսկ հերքման իրավական հիմքը։ Իսկ ավելի տրամաբանական պնդումն է, որ կողմերը, որոնք ստորագրել էին այդ փաստաթուղթը, շատ լավ հասկանում էին, թե իրենք ինչ էին անում և գիտակցում էին իրենց իսկ ստորագրած փաստաթղթի վիճարկելիությունը իրավունքի տեսանկյունից»։

Այս ամենը, սակայն, սոսկ պատմական արժեք չեն ներկայացնում։ Վերլուծաբան Հակոբ Բադալյանի խոսքով, աշխարհաքաղաքական նույն տրամաբանությունն է, որ պատճառ հանդիսացավ 44-օրյա պատերազմի սանձազերծման համար․ - «Պայմանագրի տրամաբանությունը, իհարկե, այսօր էլ զգալիորեն պայմանավորում է ռուս-թուրքական հարաբերությունը։ Այս հարաբերությունը կարող ենք բնորոշել տակտիկական գործընկերություն՝ իհարկե ռազմավարական մրցակցության հեռանկարով։ Թեպետ եթե զուտ աշխարհագրական և աշխարհաքաղաքական իրողությամբ դիտարկենք պայմանագիրը, ապա հարյուր տարի անց մենք ունենք բոլորովին այլ պատկեր։ Եթե, օրինակ, հարյուր տարի առաջ սահմանը բաժանվեց, այսպես ասենք՝ Ռուսաստան – Թուրքիա, Արաքսով, ապա այսօր ըստ էության այդ սահմանը անցնում է, դժբախտաբար, Ստեփանակերտ – Շուշի գծով»։

XS
SM
MD
LG