Մատչելիության հղումներ

Ըստ ՀՀ ԱԳ նախարարի՝ հակամարտության վերջնական քաղաքական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում


Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը բովանդակային է որակում ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդի հետ քննարկումները։

Նշենք, որ Այվազյանը նախ առանձնազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի հետ, ապա հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով։

Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց՝ անդրադարձել են ԵԱՀԿ-ում շվեդական նախագահության գերակայություններին, քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև հայ-շվեդական երկկողմ օրակարգը։

Այվազյանը վերահաստատեց՝ հակամարտության վերջնական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում՝ հակադարձելով Բաքվից հնչող պնդումներին, թե ղարաբաղյան հարց որպես այդպիսին այլևս գոյություն չունի։

«Ադրբեջանի կողմից համակարտության համատեքստում ուժի կիրառումը ԵԱՀԿ հանձնառությունների, այդ թվում՝ Հելսինկիի եզրափակիչ ակտի կոպտագույն խախտում էր։ Պատերազմի ողջ ընթացքում ադրբեջանական զինված ուժերը Թուրքիայի գործուն աջակցությամբ, միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտումներով զանգվածային ոճրագործություններ, այդ թվում՝ էթնիկ զտումներ և պատերազմական հանցագործություններ են իրականացրել արցախահայության դեմ՝ միտումնավոր թիրախավորելով խաղաղ բնակչությունը, այդ թվում՝ կանանց, երեխաներին և տարեցներին, քաղաքական ենթակառուցվածքները, մշակութային օբյեկտները։ Ավելին՝ անգամ պատերազմից չորս ամիս անց Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքը և մարդու իրավունքները՝ գերեվարության մեջ պահելով հայ ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց», - ասաց արտգործնախարարը։

Այվազյանն ընդգծեց՝ եռակողմ հայտարարությունը դիտարկում են որպես հրադադարի վերականգնմանը և անվտանգության վերահաստատմանն ուղղված փաստաթուղթ։

«Թեև այն պարունակում է խաղաղ կարգավորմանն առնչվող որոշ դրույթներ, սակայն այն չի հասցեագրում դրա առանցքային տարրերը՝ Արցախի կարգավիճակի հարցը՝ հիմնված արցախահայության ինքնորոշման իրավունքի վրա։ Հակամարտության վերջնական քաղաքական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում», - ասաց Այվազյանը՝ շարունակելով․ - «Մենք կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ, շեշտում եմ՝ ուժեղ համանախագահության, որը կկարողանա առաջնորդել խաղաղ գործընթացը տարիների ընթացքում մշակված սկզբունքների և տարրերի հիման վրա։ Մենք նաև կարիք ունենք ամուր և համախմբված ԵԱՀԿ-ի որպես տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համար պատասխանատու մարմնի»։

Նշենք, որ Լինդին երեկ ուշ երեկոյան է ժամանել Երևան։ Նա եղել է Բաքվում, հանդիպել է Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի հետ։

Նրա տարածքաշրջանային այցի նպատակն է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ քննարկել ղարաբաղյան խնդիրն ու վերջին պատերազմից հետո ստեղծված իրավիճակը։

XS
SM
MD
LG