Մատչելիության հղումներ

«Ապշել կարելի է, թե ինչպես են ընտրություն կեղծած ուժերը միակ ընտրություն չկեղծած ուժին մեղադրում ընտրությունները կեղծել ցանկանալու մեջ»


Ուղղակի ապշել կարելի է, թե ինչպես են անկախությունից ի վեր բոլոր տարիների ընտրություն կեղծած ուժերը «Իմ Քայլին»՝ Հայաստանում միակ ընտրություն չկեղծած ուժին մեղադրում ընտրությունները կեղծել պատրաստվելու/ցանկանալու մեջ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն՝ արձագանքելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը։

«Ինչպես կասեր այսօր այս առումով հերթական աչքի ընկածը՝ սա մանկապարտեզ էլ չէ, խենթանոց է ուղղակի», - գրել է Ռուբինյանը։

Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքով՝ թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաև անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքը, վերջինիս անհապաղ և ինքնակամ հրաժարականն է։

Երեկ ilur.am-ում հրապարակված հոդվածում Տեր-Պետրոսյանը նաև գրել էր, թե վարչապետն ու նրա հենարանը հանդիսացող քաղաքական ուժը, կրած խայտառակ պարտության համար պատասխանատվությունից խուսափելուց բացի, առաջնորդվում են ոչ թե պետության ամրապնդման և հզորացման մտահոգությամբ, այլ բացառապես իրենց իշխանությունն ամեն գնով պահպանելու անթաքույց մոլուցքով:

«Համաձայն եմ նաև հանրության մեջ հնչեցվող այն պնդումներին, որ իշխող ուժի կողմից կազմակերպված արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում, նրանք չեն խորշելու վարչական ռեսուրսների համատարած օգտագործումից, ինչի հետևանքով բոլոր ընտրատեղամասերը կարող են վերածվել լարվածության օջախների: Համոզված եմ, որ այդ պարագայում մենք ականատես ենք լինելու Հայաստանի պատմության ամենախայտառակ ընտրություններին: Իսկ դա կարող է նշանակել Հայոց պետականության վերջը կամ երկարատև մղձավանջային գոյատևումը», - նշել էր Հայաստանի առաջին նախագահը:

XS
SM
MD
LG