Մատչելիության հղումներ

Փողոցում պայքարը շարունակվելու է մինչև իշխանությունը հեռանա. ԲՀԿ-ական  պատգամավոր


Հայրենիքի փրկության շարժման բողոքի ակցիան ԱԳՆ շենքի մոտ։ 13-ը մարտի, 2021
Հայրենիքի փրկության շարժման բողոքի ակցիան ԱԳՆ շենքի մոտ։ 13-ը մարտի, 2021

Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների արձագանքները լավատեսություն են ներշնչում իշխող մեծամասնությանը, որ արտահերթ ընտրությունների հարցի շուրջ  համաձայնություն կլինի, կարծում է իշխող խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

«Հույս ունեմ, որ այդ կոնսենսուսը արտահերթ ընտրությունների վերաբերյալ կկայանա, և մենք կգնանք արտահերթ ընտրությունների», - ասաց իշխանական պատգամավորը։

Այս օրակարգով ընդդիմադիր խմբակցություններից միայն «Լուսավոր Հայաստանի» ղեկավար էդմոն Մարուքյանն է միայն հանդիպել նախագահի ու վարչապետի հետ։ Նա համաձայն է՝ Փաշինյանը հրաժարական տա, և Ազգային ժողովը լուծարվի օրենքի ուժով։ Վարչապետի թեկնածու չեն առաջադրի։

Անցումային վարչապետ ընտրելու հնարավարությունը ընդդիմադիր պատգամավորը սպառված է համարում։ Բայց մեկ պայման ունեն՝ ընտրությունները պետք է ավարտվեն մինչև հունիս․ - «Մեր կոնսենսուսը կարող է կայանալ, եթե այն տեղի է ունենում մինչև հունիսի 1-ը։ Ճգնաժամը այնքան խորն է, որ պետք է արագ հանգուցալուծում տալ։ Արագ հանգուցալուծումը, ամենաարագ ընտրությունների ժամկետը կարող է լինել մայիսի ընթացքը, մայիսի մեջ գոնե, որ մինչև հունիսի 1-ը ավարտված լինի»։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վարչապետին դեռ չի հանդիպել, բայց նախօրեին հայտարարել է, որ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը համարում է արտահերթ ընտրությունները։

Եթե Փաշինյանը հրաժարական տա, իր գլխավորած ուժը թեկնածու չի առաջադրի, խոստացել է Ծառուկյանը․ - «Մենք թեկնածու չենք դնի, որովհետև դա անիմաստ ա, մեր ձայները սաղ-սաղ 30 տոկոս են»։

Հայտնի չէ, թե երբ են հանդիպելու Փաշինյանն ու Ծառուկյանը։ Փաշինյանի հրաժարականի պահանջով ԲՀԿ-ի վրանը դեռ Բաղրամյա պողոտայում է, իսկ այստեղ Փաշինյանի հետ հանդիպումն ու նրա վարչապետությամբ ընտրությունները մերժում են։

Հայրենիքի փրկության շարժման գլխավոր օրակարգը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ու անցումային վարչապետի ընտրությունը։ Հարցին, թե արդյոք շարժման օրակարգից շեղված Ծառուկյանը հեռանալո՞ւ է Բաղրամյան պողոտայից, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը պատասխանեց․ - «Ոչ մի պարագայում փողոցային պայքարը չի իջնելու շատ պարզ պատճառով․ մինչև այս իշխանությունը չհեռանա, պայքարը շարունակվելու է։ Եվ Հայրենիքի փրկության շարժման հիմնական գործառույթը նա է, որ իշխանությունը չուզենալով եկել է այն մտքին (ես ուզում եմ հավատալ՝ ըստ իրենց հայտարարությունների), որ, այո, առանց արտահերթ ընտրությունների վիճակը գնալով ծանրանալու է»։

Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը շարունակում է դիմադրել։ Նիկոլ Փաշինյանի կամ նրան փոխարինելու օրոք ընտրությունը կբերի սարսափելի հետևանքների, այսօր հայտարարել է Վազգեն Մանուկյանը․ - «Պետք է ամեն գնով կանխել այս իշխանության օրոք արտահերթ ընտրությունների անցկացումը: Իսկ եթե, այնուամենայնիվ, իշխանությունը գնա այդ քայլին և հայտարարի ընտրությունների մասին, ապա, պետք է հեռացնել այս իշխանությանը մինչև նախընտրական գործընթացի սկիզբը»։

Արտահերթի օրակարգով երեկ վարչապետը հանդիպել է իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին։ Հանդիպմանը մասնակցած Հրաչյա Հակոբյանն ասաց, որ նաև Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցն են քննարկել, բայց վերջնական որոշում չունեն թե՛ ընտրությունների ժամկետների, թե՛ հին ու նոր ընտրական օրենսգրքով մասնակցելու վերաբերյալ․ - «Ժամկետների առումով հստակեցում չկա, քանի որ դեռ բանակցությունները շարունակվում են խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ»։

Ըստ իշխանական պատգամավորի, խորհրդարանական խմբակցությունների հետ համաձայնության գալու դեպքում արտահերթի հարցը լուծված կհամարվի, Բաղրամյան պողոտան էլ առաջիկայում կբացվի առանց ուժի գործադրման, շեշտում է պատգամավորը․ - «Համենայն դեպս, որևէ բռնի ուժի գործադրում տեղի չի ունենա»։

XS
SM
MD
LG