Մատչելիության հղումներ

Նախագահն առանձին հանդիպումներ է ունեցել վարչապետի, «Իմ քայլը»-ի և «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարների հետ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը, արխիվ

Վարչապետի Փաշինյանի, խորհրդարանական խմբակցությունների ու «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների հետ նախագահ Արմեն Սարգսյանի` այսօր նախատեսված հանդիպումը ձախողվեց. նախագահի առաջարկն ընդունել էր միայն իշխող ուժն ու ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը»։

Փոխարենն այսօր նախագահն առանձին հանդիպում ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։ Բոլոր՝ երեք հանդիպումներից հետո նախագահականից նույնաբովանդակ հաղորդագրություն տարածեցին՝ հանդիպմանը քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները, որի համատեքստում որպես լուծում անդրադարձ է կատարվել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը:

Նախագահի աշխատակազմից երեկ հայտնեցին՝ այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի, քանի որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ու «Հայրենիքի փրկության շարժումը» հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել:

«Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակելու է իր ջանքերը և պատրաստ է առանձին հանդիպումներ ունենալ ինչպես հրավիրվածների, այնպես էլ Ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգամավորների և արտախորհրդարանական տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումները հնարավորություն կտան ևս մեկ անգամ լսել բոլորի տեսակետները, ավելի հստակեցնել դիրքորոշումները և դրանց հիման վրա ձևավորել աշխատանքային օրակարգ», - ասված է հաղորդագրությունում:

Առկա իրավիճակը քննարկելու ու ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով էր նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետին, խորհրդարանական 3 խմբակցությունների ղեկավարներին և վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին այսօր հրավիրել իր նստավայր, սակայն «Հայրենիք փրկության շարժումն» էլ հանդիպման իր ձևաչափն էր առաջադրել՝ այն պետք է լինի Ազգային ժողովում և հրապարակային՝ ուղիղ հեռարձակմամբ, իսկ օրակարգը վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Իսկ արդյոք ընդդիմադիրները պատրա՞ստ են հանդիպել նախագահ Սարգսյանի հետ արդեն նոր ձևաչափով, «Հայրենիքի փրկության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն ասաց՝ կհանդիպեն միայն նախագահի կողմից նախօրոք առաջարկված ձևաչափի դեպքում, բայց իրենց օրակարգով։

«Մենք մինչև իր հայտարարությունն արդեն ասել են, որ հանդիպումը տեղի կունենա միայն այն ձևաչափով, որ նախօրոք նախագահը հրապարակել է: Այսինքն այդ հանդիպմանը պետք է մասնակցեն բոլոր այն կողմերը, որոնց մասին ինքն ասել էր: Նշել էինք նաև օրակարգը, տեղը, և պայման, որ դա պետք է լինի ուղիղ եթերում», - նշեց Սաղաթելյանը:

Իսկ շարժման մաս կազմող ԲՀԿ-ում հանդիպման վերաբերյալ հստակության անհրաժեշտություն են տեսնում։ «Պետք է հստակ հասկանալ, թե ինչի մասին է խոսքը կետ առ կետ: Այդ պարագայում, ինչու ոչ, արդյունավետությունը յուրաքանչյուր հանդիպման հասկանալի կլինի», - ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Դիտարկմանը՝ գուցե հանդիպմանը համաձայնեն և ներկայացնեն իրենց օրակարգը, Աբովյանն արձագանքեց. «Մենք արդեն ներկայացրել ենք մեր օրակարգը՝ Նիկոլ Փաշինյանի և իշխանության հրաժարական և արտահերթ ընտրություններ»:

Երեկ նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էր մի քանի լրատվամիջոցների տված հարցազրույցում նշել, որ առանց օրակարգի հստակեցման նպատակահարմար չի գտնում մասնակցել նախագահի նախաձեռնած միասնական հանդիպմանը, մինչդեռ հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց սեփական օրակարգով։

«Տեսակետները չեն փոխվել, վարչապետը պետք է հրաժարական տա և պետք է տեղի ունենան շուտափույթ ժամկետում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դա իմ տեսակետն է, մնացածը հանդիպենք Փաշինյանի հետ, ինքն էլ իր տեսակետը կասի, որ դեռ չենք հանդիպել, ի՞նչ իմանամ», - ընդգծել է Ծառուկյանը:

ԲՀԿ առաջնորդը շեշտել էր՝ հանդիպումն անհրաժեշտություն է. «Անհրաժեշտ է քայլ կատարել, վայրկյան շուտ հանգուցալուծել, որ այս խնդիրները կարգավորվեն»:

Իսկ թե ե՞րբ է կայանալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԲՀԿ առաջնորդի հետ, դեռ հայտնի չէ։

XS
SM
MD
LG