Մատչելիության հղումներ

Գևորգը պատերազմին կորցրել է երիկամը. 2 անգամ մերժել են հաշմանդամության կարգ տրամադրել


Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի բնակիչ Տիգրանուհի Գրիգորյանը տարիներ առաջ 7 տարեկան երեխային է կորցրել երիկամների ախտահարման պատճառով, ասում է` երիկամի ցավը լավ գիտի ու գիտակցում է մեկ երիկամով ապրելու վտանգը։ Հիմա ընտանիքի միակ արու զավակը՝ Գևորգը, վիրավորում է ստացել ղարաբաղյան 2-րդ պատերազմի ժամանակ, կորցրել երիկամը։ Մայրը դիմել է բժշկասոցիալական փորձաքննության՝ տղային հաշմանդամության կարգ տրամադրելու համար, 2 անգամ մերժում է ստացել։

«Ինքը կորցրել ա իր օրգանը, իրեն կարգ ա հասնում, ասացին` ո՛չ, իրեն կարգ չի հասնում: Ասի` մի երիկամ է, թող, ասում ա, ֆունկցիան կվերցնի, բա որ էտ մի երիկամը ախտահարվեց, էտ երեխեն ի՞նչ ա անելու, էտ ժամանակ էլ երկու հատ չի, որ ասենք` կփոխպատվաստեն, կամ էն մեկի հույսով կապրի», - պատմում է Տիգրանուհի Գրիգորյանը։

Պատերազմից հետո, ստացած վիրավորման հետևանքով, հողին ու ջերմոցներին միայն հեռվից է նայում, մորն օգնել չի կարողանում, ափսոսանքով ասում է Գևորգն ու խոսակցությունը միանգամից փոխում՝ ծրագրավորում կսովորի ու կկարողանա տարիքն առած մորն ու վատառողջ հորը օգնել։

Գևորգը պատերազմից ընդամենը 3 ամիս առաջ էր զորակոչվել բանակ։ Թեժ կռիվներին Աղդամի ու Հադրութի պաշտպանական շրջաններում է եղել։ Ասում է՝ հերոսաբար են կռվել՝ մեկ առաջ շարժվելով, մեկ նահանջելով, անքուն գիշերներ անցկացրել, կյանքի ու մահվան կռիվ տվել։ Վիրավորումից 1 օր առաջ է ծնողների հետ խոսել, հանգստացրել մորը, որ ամեն ինչ լավ է ու հանգստանալու գնացել։ Հաջորդ օրը զինակից 7 ընկերների հետ տեղաշարժի ժամանակ վիրավորում է ստացել. «Մեր մարտկոցից մի քանի տղա որոշեցինք, որ իրար հետ էթանք, որ ինչ լինի, իրար հետ լինի սաղին, ու 7 հոգով վիրավորվանք, բայրաքթարի սնարյադն էր, ոչ ձեն եկավ ոչ էլ, միանգամից պայթեց, աչքերիս դեմը սևացավ ու ցավից գոռում էի»։

Բազմաթիվ բեկորային վնասվածքներով Գևորգին նախ Ստեփանակերտի, այնուհետև Երևանի հոսպիտալ են տեղափոխել, մի քանի վիրահատությունների արդյունքում հեռացվել են վտանգավոր բեկորներն ու բեկորներից վնասված երիկամը. «Թոքերիս հատվածին էլ ա կպել, բայց չի վնասվել, օդ էր հավաքվել, դրենաժ էին դրել, որ օդը քաշեն, հիմա ոտքս ա ցավում, երկար չեմ կարողանում կանգնեմ, քայլեմ։ Սկզբանական օրերին աջ երիկամս էին հեռացրել, ձախը ցավում էր, Էս շատ մեծ վերք էր, էս վերքը չէին կարողացել կարել, կեսն էին կարել, կեսն էլ մնացել էր բաց վիճակում, մինչև ինքն իրան փակվեր»։

Հեռացվել են միայն վտանգ ներկայացնող բեկորները, մյուսների հետ Գևորգը ստիպված կլինի ապրել գուցե ողջ կյանքը ապրել. «Բժիշկը էպիկրիզում նշել է, որ ծանր ֆիզիկական աշխատանքից ազատված ա, չի կարելի ծանր աշխատանք կատարի, և գյուղում էլ սաղ ջուր, խոնավ, ցեխ, ես ինքս էլ թույլ չեմ տա, որ գործ անի, որ էդ մի երիկամն էլ խոնավությունից հանկարծ չբորբոքվի: Ես ի՞նչ կարող եմ անել արդեն դրանից հետո»։

Պարզելու համար, թե ինչու Գևորգին հաշմանդամության կարգ չեն տվել, խոսեցինք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների հարցերի վարչության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետի հետ։ Հաշմանդամության կարգ սահմանվում է կայուն ֆունկցիոնալ խանգարման դեպքում, այդպես է ամբողջ աշխարհում, պարզաբանեց մասնագետը։

«Ըստ չափորոշիչի` օրգանից մեկը կորցնելու դեպքում, եթե մյուս օրգանը չի վերցնում ֆունկցիան իր վրա, այդ դեպքում է լինում ֆունկցիոնալ խանգարում: Այս դեպքում երկու երիկամ ունի, եթե մեկը բացակայում է, հաջորդ երիկամը ամբողջությամբ իր վրա է վերցնում այս երիկամի ֆունկցիան: Ոչ պահպանված երիկամի ֆունկցիան է խանգարված, ոչ շնչական համակարգի ֆունկցիան է խանգարված, և ստացած բեկորները երևի ֆունկցիոնալ խանգարման են բերել: Եվ բոլորը միասին գնահատվել է աննաշ ֆունկցիոնալ խանգարումներ: Սա է եղել խնդիրը, որ հաշմանդամություն չի սահմանվել», - փոխանցեց ՀՀ ԱՍՀՆ Հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների հարցերի վարչության գլխավոր մասնագետ Ռիմա Եգանյանը:

Մասնագետը նաև նշեց` ցանկացած անձ, այդ թվում` Գևորգն առողջության վատթարացման դեպքում կարող է կրկին դիմել փորձաքննության՝ վիճակի վատթարացման հիմքով, և որոշումը կվերանայվի։ Հիմա` պատերազմի հիշողությունները մտքում, հետքերը՝ մարմնի վրա, գրքերը ձեռքին Գևորգը առաջ է նայում։ Այս տարի Երևանի պոլիտեխնիկական համալսարանի ծրագրավորման բաժինն է ուզում ընդունվել. «Վերցրել եմ, պարապեմ, կրկնեմ, որ ավելի լավ առաջ անցնեմ էլի»:

Առայժմ դպրոցից վերցրած գրքերով կպարապի, մինչև հարևան գյուղում ապրող ուսուցչի մոտ կարողանա մասնավոր դասերի գնալ։ Թե՛ մասնավոր դասերի գումարը, թե՛ ուսման տարեկան 500 հազար դրամ վարձավճարը շատ դժվարությամբ, բայց տան միակ աշխատող ձեռքը՝ մայրն ասում է` ամեն գնով կփորձի ապահովել, տղայի ապագան կարևոր է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG