Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Ռուսաստանում աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի գյուղատնտեսության փոխնախարար Սերգեյ Լևինի հետ։
Ըստ նախարարության հաղորդագրության, հանդիպման օրակարգում գյուղատնտեության բնագավառում երկկողմ համագործակցության հեռանկարային թեմաներն էին, այդ թվում՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, ագրոարդյունաբերական արտադրանքի ծավալների ավելացմանը, սերմնաբուծության, ջերմոցաշինության, խաղողագործության ու գինեգործության և այլ ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ագրոարդյունաբերական արտադրանքի շրջանառությանը, որը 2019 թվականին կազմել է 692,4 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2020 թվականին աճել է 7,7 տոկոսով՝ կազմելով 745,8 մլն ԱՄՆ դոլար:
Երկուստեք ընդգծվել է ագրոարդյունաբերական արտադրանքի շրջանառության ավելացման անհրաժեշտությունը։
Զրուցակիցները քննարկել են նաև հակակարկտային համակարգերի գործարկմանն ու արդյունավետ օգտագործմանն առնչվող հարցեր։ Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարն ընդգծել է, որ հայկական կողմը հետաքրքրված է հակակարկտային պաշտպանության միջոցների կիրառման Ռուսաստանի, ինչպես նաև այս բնագավառում վրացական և մոլդովական առաջադեմ փորձի ուսումնասիրմամբ և նախատեսվում է կազմակերպել միջգերատեսչական հանձնաժողովի այց ՌԴ՝ այս ոլորտում առկա փորձին տեղում ծանոթանալու նպատակով։
Քննարկված թեմաների թվում էր նաև երկկողմ համագործակցությունը խաղողագործության և գինեգործության ոլորտներում։