Մատչելիության հղումներ

Իսահակյանի տուն-թանգարանի տնօրենը հուսով է, որ այցելուների թիվը գնալով կավելանա


Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Երևանում
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Երևանում

Ինչպես Հայաստանի բոլոր թանգարանները, այնպես էլ մայրաքաղաքում գտնվող Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը արդեն բացել է դռները այցելուների առջև՝ սիրով հյուրընկալելով նրանց:

Թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանի խոսքով, ինչպես մյուս թանգարանները, այնպես էլ իրենց թանգարանն անցյալ տարի համավարակի և պատերազմի պատճառով առցանց ամենատարբեր միջոցառումներով էր ներկայանում այցելուներին: Այժմ, իհարկե, պատկերն ուրիշ է:

«Բոլորս էլ անհամբեր սպասում էինք, որ թանգարանը պիտի լցվի երեխաների ձայնով, պիտի թանգարանում էլի հետաքրքիր միջոցառումներ լինեն։ Որովհետև, ի վերջո, մշակութային կյանքը չի կարող կանգ առնել, պիտի շարունակվի։ Սա մարդու հոգևոր աշխարհի հետ հաղորդակցվող է, և մարդիկ դրա կարիքը շատ ունեն հատկապես այսօր։ Շատ ուրախ ենք, որ հիմա դպրոցներն են գալիս բավականին շատ։ Պիտի ասեմ, որ քանի որ մենք ունենք շատ հետաքրքիր կրթական ծրագրեր բոլոր տարիքների համար՝ դպրոցական երեխաներից սկսած։ Եթե նախկինում ասում էին, որ Իսահակյանը բարդ հեղինակ է, երեխաների պիտի անցնեն Իսահակյան, որ գան (էդպես էին դպրոցի ուսուցիչները ասում), հիմա իրենք բոլորը գիտեն, որ մենք շատ լավ, հետաքրքիր կրթական ծրագրեր ունենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խորենյանը։

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը մշտապես մեր ամենաաշխույժ մշակութային կենտրոններից մեկն է եղել, և այսօր թանգարանի աշխատակիցները բազմաթիվ ծրագրեր են մշակում և իրականացնում իրենց այցելուների համար, որոնց թիվը, իհարկե, նախորդ տարիների համեմատ, ինչպես նշում էր թանգարանի տնօրենը, նվազել է․ - «Հույս ունենք, որ կավելանա։ Մարդիկ գալիս են: Թեկուզ մեկ հոգի, երկու հոգի, բայց մենք զգում ենք, որ մարդիկ ցանկություն ունեն։ Եվ հավանաբար գնալով այս թիվը կավելանա։ Իհարկե դա պիտի արվի նաև միջոցառումների շնորհիվ»։

Խոսելով թանգարանի խնդիրների մասին՝ Անժելա Խորենյանն ասաց․ - «Եթե դու ուզում ես շատ ավելին անել, դրա համար, իհարկե, ֆինանսներ են անհրաժեշտ։ Եթե դու ուզում ես, որ որակը բարձր լինի քո արած աշխատանքի, առանց ֆինանսի այդ հարցը չի լուծվում։ Եթե դու ունես ֆինանսներ, դու կարող ես լուծել թանգարանի տեխնիկական հագեցվածության խնդիրը։ Շատ-շատ խնդիրներ կան այսօր թանգարանում, և էդ բոլոր խնդիրները լուծումներ են պահանջում։ Բայց քանի որ իսկապես այսօր մեր երկրի համար բարենպաստ իրավիճակ չի, և երկիրը ինքը կարիք ունի գումարների, մենք ըմբռնումով ենք մոտենում և փորձելու ենք ամեն ինչ անել, որ եղած ֆինանսների սահմաններում կարողանանք ստանալ առավելագույնը»։

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը նաև հրաշալի գրքեր է հրատարակում։ Առաջիկայում սպասվում են նոր գրքեր․ - «Մենք երկրորդ գիրքն էլ հրատարակեցինք։ Անցյալ տարի արել ենք Իսահակյանի հայերեն գրքերի մատենագիտությունը, բավականին հետաքրքիր, շատ լավ հրատարակություն է։ Եվ մեր թանգարանը 145-ամյակի առիթով կազմակերպեց, շատ լավ անցավ գիտաժողով՝ նվիրված Իսահակյանին։ Այդ գիտաժողովի նյութերը, որոնք բավականին հետաքրքիր էին, շատ լավ զեկուցումներ կային, մենք կհրատարակենք առանձին գրքով։ Իսկ մի քանի տարվա կտրվածքով, այսինքն՝ 150-ամյակին ընդառաջ մենք Գրականության ինստիտուտի հետ [մտադիր ենք] հրատարակել ժամանակիցների հուշերը Իսահակյանի մասին։ Դա շատ լուրջ աշխատանք է, և մեր թանգարանի աշխատակազմը, Գրականության ինստիտուտի հետ միասին, կկազմվի խորհուրդ, և կանցնենք աշխատանքի։ Տա Աստված, որ 150-ամյակի ժամանակ արդեն այդ գրքերը ամբողջությամբ արված, ավարտված ընթերցողի սեղանին դրվեն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG