Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ օրինագծով առաջարկվում է ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) փոխհատուցվող գումարների վերադարձը կատարել յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով:
Համաձայն հաղորդագրության, առանց ուսումնասիրության գումարների վերադարձման համար սահմանված եռամսյակային 40 մլն դրամի փոխարեն կսահմանվի ամսական 40 մլն դրամ: Բացի այդ, նախագծով առաջարկվում է ԱԱՀ վճարող համարվելու ժամանակաշրջանին վերաբերող ԱԱՀ-ի փոխհատուցման գումարները վերադարձնել հարկ վճարողներին` անկախ գումարների վերադարձի դիմումի ներկայացման պահին ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից: Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների պարզեցված ընթացակարգով (առանց ուսումնասիրության) միասնական հաշվին մուտքագրված լինելու դեպքում, հարկ վճարողը չի կարող տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացնել ԱԱՀ-ի ճշտված հաշվարկ:
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի դիտարկմամբ, սա լավ հնարավորություն է տնտեսվարողների համար՝ ավելի արագ տնօրինել շրջանառվող միջոցները և ներարկել դեպի տնտեսություն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օրենսդրական նախաձեռնությանը, ընդգծել է, որ 2018 թվականի դրությամբ այս համակարգը գործում էր վեցամյսա տրամաբանությամբ։
«Իմաստն այն է, որ երբ ընկերություններն արտահանում են արտադրանք, մեր օրենսդրությամբ ԱԱՀ չափով գումարը վերադարձվում է տնտեսվարողին։ 2018 թվականի մայիսի դրությամբ այդ գործընթացով գումարը վերադարձվում էր 6 ամիսը մեկ։ Բայց 2018 թվականի մայիսի դրությամբ մենք ունեինք նախկինից կուտակված ԱԱՀ վերադարձի պարտք՝ մոտավորապես 100 մլրդ դրամի։ Նախ մենք առաջին փուլով էականորեն մաշեցինք այդ գումարը: Հաջորդ փոփոխությունը, որն արեցինք, այս ցիկլը փոխեցինք եռամսյա ժամկետի։ Այն ժամանակ մենք հայտարարեցինք, որ գումարները պետք է վերադարձվեն ամենամսյա կտրվածքով։ Եվ հիմա մենք արդեն վերադառնում ենք ամենամսյա վերադարձի փուլին», - նշել է վարչապետը։
Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ մինչև եռամսյակին անցնելը տնտեսավարողներին ԱԱՀ-ի գծով պարտավորությունը շատ ավելին է եղել՝ 2018 թվականի դրությամբ մոտ 260 միլիարդի սահմաններում: «Ընդհանուր 2019 թ. ընթացքում վերադարձված գումարների չափը կազմել է 175 միլիարդ, իսկ 2020 թ. ընթացքում՝ 139 միլիարդ դրամ: Համեմատության համար կցանկանայի նաև նշել, որ 2020 թվականի առաջին երկու ամիսներին՝ հունվար-փետրվար, միայն ԱԱՀ-ի գծով վերադարձված գումարները կազմել են 18 միլիարդ 518 միլիոն դրամ, իսկ 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին 21.7 միլիարդ դրամ», - ասել է ՊԵԿ նախագահը:
Ըստ Էկոնոմիկայի նախարարի, այս գործընթացը հիմնականում վերաբերում է արտահանողներին և այդ առումով լրացուցիչ դրամական միջոցների հետվերադարձը խթանում է նաև արտահանման աճին:
Էդվարդ Հովհաննիսյանը հայտնել է, որ ՊԵԿ-ում քննարկվում են նաև սահմանին վճարվող ավելացված արժեքի հարկի վերացման առաջարկները։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ նշել է, որ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի մեխանիզմների կատարելագործումը նաև ուղերձ է տնտեսվարողներին, որ այս բոլոր դրական փոփոխությունների արդյունքում ակնկալվում է արտադրողականության բարձրացում և տնտեսական բոլոր ցուցանիշների դրական զարգացումներ: