Մատչելիության հղումներ

«Նոյեմբերյան» բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել


Նոյեմբերյանի հիվանդանոցում նորածնի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել, հաղորդում է Քննչական կոմիտեն։

Հաղորդագրության համաձայն՝ մարտի 7-ին ժամը 19։10 «Նոյեմբերյան ԲԿ» ՓԲ ընկերությունից Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ գինեկոլոգիական բաժանմունքում ծննդաբերությունից հետո մահացել է իգական սեռի նորածին երեխան:

Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նույն օրը ժամը 12-ին «Նոյեմբերյանի ԲԿ» գինեկոլոգիական բաժանմունք է ընդունվել Լոռու մարզի 22-ամյա բնակչուհի, որը ծննդաբերել է իգական սեռի երեխա, սակայն նորածինը մահացել է:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) 2-րդ մասով:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ հիվանդանոցից վերցվել է կնոջ ծննդաբերության պատմագիրը, կատարվել է դիակի արտաքին զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել են հարցաքննություններ, կատարվում է նախաքննություն, ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG