Մատչելիության հղումներ

ԵՄ-ն պատրաստ է ներգրավվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում. Վիկտորին 


Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը «Ազատության» տաղավարում։

Եվրամիությունը պատրաստ է ավելի շատ ներգրավվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։ 

Դեսպանը խոսեց նաև հակամարտության կարգավորմանը աջակցություն ցուցաբերելու Եվրամիության պատրաստակամության մասին՝ չմանրամասնելով սակայն, թե ինչ գործիքակազմ կամ միջոցներ կարող են նեգրավվել այդ ուղղությամբ․ - «Եվրամիությունը վստահելի գործընկեր է։ Մենք աջակցում ենք Հայաստանին, միաժամանակ պատրաստ ենք ավելի շատ ներգրավվել [ղարաբաղյան] հակամարտության կարգավորման գործում։ Այս որոշումը պետք է քննարկվի համապատասխան երկու երկրների հետ։ Վճռականորեն աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին ու համանախագահներին և շարունակական երկխոսության մեջ ենք նրանց հետ։ Անհրաժեշտ է համատեղ մոտեցում։ Երկու շաբաթ առաջ այստեղ էր Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, և հնարավորություն առաջացավ լսել կառավարության ներկայացուցիչներին, հասկանալ նրանց պատկերացրած հեռանկարը և թե ինչ կարող ենք անել ի աջակցություն»։

Փետրվարի վերջին այցելելով Երևան ու այստեղ հանդիպումներ ունենալուց հետո Տոյվո Կլաարը «Ազատության» հետ զրույցում, հիշեցնենք, ընդգծեց՝ Եվրամիությունը կանգնած է Մինսկի խմբի եվրոպացի համանախագահի թիկունքում, միաժամանակ պատրաստ են ղարաբաղայան հակամարտության հարցում շարունակել աշխատանքը Ռուսաստանի հետ։

Այս մարտի 1-ին ուժի մեջ մտավ Հայաստանի ու Եվրամիության միջև ստորագրված, Ազգային ժողովի ու Եվրոպական Միության բոլոր երկրների, ինչպես նաև եվրոպական խորհրդարանի կողմից վավերացված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ CEPA-ն։

Դեսպան Վիկտորինի հիշեցրեց, որ Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունները կարգավորող նախորդ փաստաթուղթը՝ Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, ստորագրվել էր 1996 թվականին և ուժի մեջ մտել 1999-ին։

Նրա խոսքով, նոր փաստաթուղթ ունենալը նշանակում է, որ Երևանի ու Բրուսելի հարաբերությունները նոր որակ են ստացել․ - «Այս համաձայնագիրը նշանակում է համապարփակ համագործակցություն Հայաստանի ու Եվրամիության միջև: Այն չի նշանակում միայն քաղաքական երկխոսություն, որը արդեն ունենք, այլ երկխոսությունն այլևս տարածվել է մյուս ուղղություններով, ուր կունենանք ինտենսիվ համագործակցություն կրթության, երիտասարդությանն առնչվող հարցերի, առևտրի որոշակի ոլորտների, սպառողների իրավունքների պաշտպանության, տարբեր ոլորտների վերաբերյալ։ Ի վերջո, մենք պատկերացնում ենք Հայաստանը որպես օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված երկիր, որն ունի տնտեսական աճ ու հնարավորություններ քաղաքացիների համար»։

«Ազատության» հարցին, թե արդյո՞ք այժմ Եվրամիությունը քննարկում է պատերազմից հետո Հայաստանին աջակցելու որևէ նոր ծրագիր, Անդրեա Վիկտորինը պատասխանեց. - «Մենք պետք է տարաանջատենք... ունենք երկկողմանի համագործակցություն՝ տարեկան բյուջեով։ Սա շարունակվելու է։ Միևնույն ժամանակ քննարկում ենք երկարատև համագործակցության տարբերակը։ Այժմ պատրաստվում ենք քննարկել Հայաստանի ու Եվրամիության միջև համագործակցութունը առաջիկա յոթ տարիների կտրվածքով։ Սա գործընթաց է, և հույս ունենք, որ առաջիկայում կունենանք դրա առաջին սևագիր տարբերակը։ Այդ նպատակով հեռավար հանդիպում կազմակերպեցինք, որի ժամանակ Բրյուսելից մեր գործընկերները քննարկեցին Հայաստանի կառավարության, քաղաքացիական հասարակության և գործարար աշխարհի ներկայացուցիչների ու միջազգային գործընկերների հետ, թե որոնք են գալիք տարվա համագործակցության առաջնահերթությունները։ Սա նշանակում է, որ շարունակելու ենք այն, ինչ սկսել ենք, բայց նաև ընդլայնելու ենք։ Եվ սա շատ կարևոր է»։

XS
SM
MD
LG