Մատչելիության հղումներ

Հրապարակվել է հետաքննական ֆիլմ Բելառուսի նախագահի հարստությունների մասին


Բելառուս - Անկախության պալատը Մինսկում, արխիվ
Բելառուս - Անկախության պալատը Մինսկում, արխիվ

Բելառուսցի լրագրող Ստեփան Պուտիլոն և Nexta Տելեգրամ ալիքի թիմը երեկ YouTube-ում հրապարակել են կոռուպցիայի մասին հետաքննություն՝ «Լուկաշենկո» ֆիլմը:

Ֆիլմի հեղինակների խոսքով՝ ի սկզբանե իրենք ուզում էին փոքր ակնարկ անել Բելառուսի նախագահի ունեցվածքի վերաբերյալ: «Սակայն նախապատրաստման ընթացքում մեզ հետ սկսեցին կապվել մարդիկ, ովքեր մոտ են բռնապետի կոռուպցիոն սխեմաներին», - պատմում են ֆիլմի հեղինակները՝ հավելելով․ - «Նրանք այնքան տեղեկություն հայտնեցին, որ ստիպված եղանք մի քանի անգամ ամբողջությամբ վերաշարադրել սցենարը»:

Լուկաշենկոյի մասին ֆիլմում հեղինակները թվարկում են անշարժ գույքի 18 օբյեկտներ։ Դրանց թվում են Անկախության պալատը Մինսկում, Վիտեբսկի մարզում «Կրուպենինո» հանգստի բազան և «Խուտոր Վիսկուլին» Բրեստի մարզում։ Ինչպես պնդում է Nexta-ի աղբյուրը, Լուկաշենկոն սեփականաշնորհել է այդ օբյեկտները, իսկ պետական բյուջեից դրանց պահպանման համար ծախսվում են «տասնյակ միլիոնավոր դոլարներ»:

Հետաքննության հեղինակների վարկածով՝ Լուկաշենկոն ունի նաև պրեմիում դասի ավտոմեքենաների հավաքածու, որի ընդհանուր արժեքը գնահատվում է 4 մլն եվրո: Այդ գումարը, ինչպես ենթադրում են լրագրողները, չի ներառում մեքենաների սպասարկման արժեքը։

Ֆիլմի հրապարակումից առաջ Ալեքսանդր Լուկաշենկոն երեք օրվա ընթացքում երկու անգամ մեկնաբանել է հաղորդագրություններն այն մասին, թե իր տրամադրության տակ է գտնվում «անձնական պալատը»: Նա մասնավորապես հայտարարել է, թե ինքն ընդամենը 56 քառակուսի մետր մակերեսով տնակ ունի, որտեղ մեծացել է մոր հետ։ «Եթե ինչ-որ մեկը գտնի Լուկաշենկոյի պալատը, անմիջապես բնակվեք», - հավելել է Բելառուսի ղեկավարը:

Մեկ օրում ֆիլմը դիտել է մեկ միլիոնից ավելի մարդ։ Հիշեցնենք՝ երկու ամիս առաջ, երբ YouTube-ում հրապարակվել էր Ալեքսեյ Նավալնիի հեղինակած «Պալատ Պուտինի համար» ֆիլմը, Ռուսաստանում անցկացվեցին բողոքի բազմահազարանոց ակցիաներ։

Անցած տարի օգստոսին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններին հետևած բազմամարդ բողոքի ակցիաների ժամանակ Nexta Տելեգրամ ալիքը դարձել էր բելառուսական ընդդիմության հիմնական հարթակը։ Ստեփան Պուտիլոյի դեմ Բելառուսի իշխանությունները քրեական գործ են հարուցել և հայտարարել են միջազգային հետախուզում։ Այս տարվա փետրվարին բելառուսական իշխանությունները Լեհաստանից պահանջել են արտահանձնել ընդդիմադիր բլոգերին։

Երեկ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին անվանել է Եվրոպայի վերջին բռնապետ: Այդ մասին նա ասել է աշխարհի տարբեր երկրների կանանց քաղաքացիական խիզախության համար Պետդեպարտամենտի ամենամյա պարգևների հանձնման ժամանակ: Բլինքենի խոսքով՝ Վաշինգտոնը կշարունակի պահանջել Բելառուսի իշխանություններից ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG