Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ ընթացիկ և առաջիկա ծրագրերը, ռազմավարական խնդիրները քննարկելու նպատակով:

«Մեր մարզային հերթական խորհրդակցությունը տեղի է ունենում Գեղարքունիքի մարզում, և այսօրվա մեր օրակարգում սոցիալ-տնտեսական, անվտանգային հարցեր են: Գեղարքունիքի մարզը նաև սուբվենցիոն ծրագրերի մասով ամենաակտիվ մարզերից է», - նշել է վարչապետն՝ ընդգծելով․ - «Հայաստանը նորովի կառուցելու մեր տեսլականը պետք է շատ ակտիվ իրագործվի: Ընդ որում, իրագործվի ոչ միայն պետության, կառավարության, համայնքների կողմից, այլև պետք է քաջալերենք նաև մասնավորին՝ այդ կառուցման, ներդրման գործընթացին մասնակցելու: Իհարկե, դրա համար շատ կարևոր է մեր երկրի սոցիալ-հոգեբանական վիճակը, անվտանգային միջավայրը: Գեղարքունիքի մարզի շուրջ նույնպես անվտանգային միջավայրի փոփոխություն է տեղի ունեցել: Մենք այսօր դրա հետ կապված հարցր նույնպես կքննարկենք»։

2020-ին մարզում իրականավցվել է 6 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր

Անցնելով օրակարգային հարցերին՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշել է, որ հաջող և որակի խիստ պահպանմամբ իրականացվում են սուբվենցիոն ծրագրերը:

Սանոսյանի խոսքով` 2018 թվականին մարզում իրականացվել են 3 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, 2019-ին` 5,5 մլրդ դրամի, 2020-ին` 6 մլրդ դրամի: Ընթացիկ տարվա համար ներկայացվել է 8,5 մլրդ դրամի ծրագրերի հայտ:

Մարզպետը նշել է, որ մարզում առաջնահերթություն է տրվում զբոսաշրջության, գյուղատնտեսության, էներգետիկայի ոլորտներին: Աճ է նկատվում անասնապահության ոլորտում. միայն Արծվանիստ համայնքում իրականացվում է 15 մլրդ դրամ արժողությամբ ներդրումային ծրագիր` ֆերմերային խոշոր տնտեսություն հիմնելու նպատակով:

Սանոսյանի խոսքով՝ մարզն ունի 181 հազար հա արոտավայր, որից չի օգտագործվում 124 հազար հա-ն: Պատասխանատուների խոսքով՝ հիմնական խնդիրն արոտավայրերի անհասանելիությունն է: Վարչապետը կարևորել է բարձրարժեք գյուղատնտեսությունը խթանող ծրագրերի իրականացումը, ենթակառուցվածքների զարգացումը` արոտավայրերի ճանապարհները հասանելի դարձնելու, խմոցիների ապահովման համար: Զեկուցվել է, որ մարզում 98 հա կաթիլային ոռոգմամբ այգիներ են հիմնվել, ինտենսիվ այգիների ծավալը գնալով ավելանում է:

Զեկուցվել է նաև, որ Գեղարքունիքում առկա 81 հազար հա վարելահողերից օգտագործվում է կեսը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շարունակելու է գյուղատնտեսության զարգացման, արդյունավետության բարձրացման թիրախային ծրագրերը, որոնք կնպաստեն վարելահողերի օգտագործման ծավալների ավելացմանը:

Նոր ծրագրերի միջոցով խթանվում է արևային էներգետիկայի զարգացումը

Անդրադառնալով էներգետիկայի ոլորտին` Գնել Սանոսյանը նշել է, որ ընթացիկ տարում մեկնարկելու է Մեծ Մասրիկի ենթակայանի կառուցման շինարարությունը, նոր ծրագրերի միջոցով խթանվում է նաև արևային էներգետիկայի զարգացումը:

Մարզպետը տեղեկացրել է, որ պատերազմից հետո Գեղարքունիքի մարզում դեռևս շարունակում են մնալ 1700 արցախցիներ. մարզպետարանը վերջիններիս կարիքները պահում է ուշադրության կենտրոնում, ապահովում է կենցաղային անհրաժեշտ պայմաններով, երեխաները հաճախում են մարզի ուսումնական հաստատություններ:

Առաջնագծում իրավիճակը հանգիստ է

Անդրադառնալով անվտանգային միջավայրին` 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը Արայիկ Հարությունյանը զեկուցել է, որ բանակային կորպուսն անվտանգության ապահովման խնդիրը հաջող իրականացնում է, իսկ առաջիկա կարևորագույն խնդիրն է առաջնագծի ենթակառուցվածքների բարելավումն ու ինժեներական աշխատանքների իրականացումը: Զեկուցվել է, որ առաջնագծում իրավիճակը հանգիստ է և գտնվում է լիարժեք վերահսկողության ներքո:

Զեկույցներով հանդես են եկել նաև Դատախազության, Քննչական կոմիտեի և Ոստիկանության մարզային վարչությունների ղեկավարները՝ ներկայացնելով իրավակարգի ապահովմանն ուղղված աշխատանքների ընթացքը:

Խորհրդակցությանը մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, փոխմարզպետները և պաշտոնատար այլ անձինք:

Խորհրդակցությունից հետո վարչապետը հանդիպել է Գավառի կենտրոնական հրապարակում հավաքված քաղաքացիներին, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել հարցերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG