Մատչելիության հղումներ

Բադասյանը Ճապոնիայի արդարադատության նախարարի հետ քննարկել է հայ ռազմագերիների հարցը


Ներկայում անհանգստացնող խնդիրը հայ ռազմագերիների վերադարձն է, հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ մարտի 8-ին Ճապոնիայի արդարադատության նախարար Յոկո Կամիկավայի հետ հանդիպման ժամանակ։

Նշենք, որ Բադասյանը մարտի 5-ից 11-ը Ճապոնիայի Կիոտո քաղաքում մասնակցում է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսին (UNODC)։

Նախարարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ճապոնիայի դիրքորոշումը՝ հայ ռազմագերիների վերադարձի հարցում, ինչպես նաև Արցախյան պատերազմի հետևանքները չեզոքացնելու նպատակով Ճապոնիայի կառավարության՝ Հայաստանին տրամադրած 3,6 մլն դոլարի հումանիտար օգնությունը։

Բադասյանը նշել է, որ Թուրքիայի հովանավորչությամբ Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված 44 օրյա պատերազմի ընթացքում հայ ժողովուրդն ականատես է եղել միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտումների։ «Ներկայում բոլորիս անհանգստացնող խնդիրը հայ ռազմագերիների վերադարձն է։ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել նրանց` ի հեճուկս հրադադարի մասին համաձայնագրի: Սա Ադրբեջանի կողմից Ժնևի «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» կոնվենցիայի կոպիտ խախտում է»,- հայտարարել է Ռուստամ Բադասյանը:

Կամիկավան կարևորել է երկկողմ արդյունավետ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել շարունակելու այն։ Նա հույս է հայտնել, որ Կոնգրեսում հաստատված Կիոտոյի հռչակագիրը պետությունների համար կլինի իրավունքի գերակայությունն ամրապնդող ուղենիշը և հավաստիացրել, որ, որպես Կոնգրեսը նախագահող երկիր, Ճապոնիան շարունակելու է նպաստել իրավունքի գերակայության արմատավորմանը։

Նշենք, որ մինչ այս պահը Հայաստան է վերադարձվել 69 գերի։ Հայկական կողմի տվյալով՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվն անցնում է 200-ից։ Անցած ամիս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բաքուն վերադարձրել է հայազգի քաղաքացիներին, ովքեր գերեվարվել էին պատերազմի ընթացքում, և Ադրբեջանում պահվում են միայն «ահաբեկիչներն ու դիվերսանտները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG