Մատչելիության հղումներ

Արտասահմանյան մամուլի անդրադարձը հայաստանյան իրադարձություններին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքը Հանրապետության հրապարակում, 1-ը մարտի, 2021թ.

«Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի հրապարակած «մանիֆեստից» անցել է արդեն տասը օր, իսկ երկրի վարչապետը ոչ միայն հրաժարական չի տալիս, այլև հանրահավաքներ է կազմակերպում և ամեն կերպ ի ցույց դնում, որ մտադիր է դիմադրել մինչև վերջ» - «Եվրասիա դեյլի» պարբերականում գրել է Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Վյաչեսլավ Միխայլովը, կարծիք հայտնելով, թե ի տարբերություն 1998-ի, երբ զինուժի պահանջով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, հիմա բանակը ներքաղաքական գործընթացների վրա այլևս վճռորոշ ազդեցություն չունի:

Հայաստանի Զինուժը, ըստ ռուս վերլուծաբանի, հիմա պետք է կենտրոնանա սեփական հզորություններն ու մարտունակությունն ամրապնդելու վրա` օգտվելով այն հանգամանքից, որ առաջիկա 4,5 տարում Ռուսաստանը Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն է իրականացնելու: «Առաջիկա հնգամյակը «խաղաղասիրական» դադար վերցնելու հնարավորություն է տալիս Հայկական բանակին` ուժերը հավաքելու և վերստին տարածաշրջանում վճռորոշ դեր ստանձնելու համար» , - գրում է վերլուծաբանը, ընդգծելով` դա անհրաժեշտ է ոչ թե Ղարաբաղում ռևանշի գնալու, այլ` հայկական պետականությունն ամրապնդելու համար:

«Ռուսաստանը խստացնում է վերահսկողությունը Հայաստանի վրա», - կարծիք է հայտնում Թուրքիայի նախկին արտգործնախարար, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համահիմնադիր Յաշար Յակիշը «Արաբնյուզ»-ում հրապարակած հոդվածում:

Անդրադառնալով վերջին ներքաղաքական զարգացումներին, այդ թվում` վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող զինուժի հայտարարությանը, թուրք դիվանագետը գրում է. «2018-ին Փաշինյանի ստացած 70 տոկոս քվեն հիմա թերևս նվազել է, բայց նա դեռ շարունակում է մնալ աներեր, և դժվար է գուշակել, թե ինչպես է հանգուցալուծվելու ռազմական և քաղաքացիական իշխանությունների այս վեճը»:

Մեկ բան, ըստ Թուրքիայի նախկին արտգործնախարարի, հստակ է` վերջին իրադարձությունները էլ ավելի են մեծացրել Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա: Եվ հիմա հարցն այն է, թե որքան է Կրեմլը սեղմելու օղակը Հայաստանի շուրջ, և որքան լծակ է մնացել Փաշինյանի ձեռքում` Մոսկվայի ճնշմանը դիմակայելու համար:

Ադրբեջանցի վերլուծաբան Օրհան Բաղիրովը ծավալուն հոդված է հրապարակել «Modern diplomacy» կայքում «զանգեզուրյան միջանցքի մասին», պնդելով, թե այն նոր խթան կդառնա տարածաշրջանային համագործակցության համար։ Թեև Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե նման միջանցքի մասին որևէ խոսք չկա ոչ նոյեմբերի 9-ի, ոչ էլ հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում, ադրբեջանցի քաղաքագետը գրում է` Բաքուն վճռականորեն հանձնառու է իրականություն դարձնել այդ գաղափարը:

Այնուհետև Բաղիրովը թվարկում է՝ ինչ կշահեն տարածաշրջանի երկրներն այս նախագծից․ «Այդ միջանցքով Թուրքիան ցամաքային կապ կստանա ոչ միայն դեպի Ադրբեջան, այլև դեպի Կենտրոնական Ասիա, ինչը հնարավորություն կտա Անկարային ամրապնդել տնտեսական հարաբերությունները Թյուրքական աշխարհի հետ։ Ռուսաստանին սա հնարավորություն կտա ոչ միայն դուրս գալ դեպի Հարավային Կովկաս ու Իրան, այլև՝ Թուրքիայի տարածքով հասնել Միջին Արևելքի շուկաներ»։

«Բայց, որ առավել կարևոր է` այն Մոսկվայի համար այլընտրանքային ճանապարհ կդառնա դեպի իր ռազմավարական դաշնակից Հայաստան», - փաստում է ադրբեջանցի քաղաքագետը, հիշեցնելով, որ հիմա Ռուսաստանից Հայաստան տանող միակ ճանապարհն անցնում է Վրաստանի տարածքով, որի հետ տարաձայնությունները Կրեմլը դեռ չի հարթել։

«Ռուսաստանի հետ կապերի ամրապնդումն, իր հերթին, նոր հնարավորություններ կբացի Հայաստանի համար՝ Եվրասիական տնտեսական միության շուկաներ դուրս գալու, ինչպես նաև այդ միջանցքով Իրանին կապվելու համար», - գրում է ադրբեջանցի քաղաղաքագետը, հավելելով. «Եթե Հայաստանը ցանկանում է դադարեցնել իր տնտեսական շրջափակումը և ձեռք բերել զարգացման հնարավորություններ, ապա միակ տարբերակը միանալն է տարածաշրջանային համագործակցությանը»։

XS
SM
MD
LG