Գրողների միության երիտասարդական պարբերականի՝ «Գրեթերթի» համախմբագիր, երիտասարդ արձակագիր Նառա Վարդանյանը թե՛ կանանց տոնին, թե՛ այդ կապակցությամբ հայտարարված միամսյակին իր յուրովի մոտեցումն ունի․ - «Եվս մեկ անգամ առիթ է, որ կանայք գնահատվեն, հասարակության մեջ իրենց դերը, դիրքը առավել առանձնացնեն։ Երեկ խոսում էինք հետպատերազմյան իրավիճակների մասին, ես մի միտք ասեցի, որն ինձ համար բացահայտում չէր իհարկե, բայց նաև հենվելու տեղ էր, որ հետագա մեր անելիքները, գենոֆոնդի, մեր ազգային մտածելակերպի, հասարակության վերարթնացման իմ ամբողջ հույսը կանայք են։ Այն իմաստուն կանայք, ովքեր գիտեն հայրենիքի արժեքը, ովքեր գիտեն մեր անցյալը, մեր պատմությունը, և դրա վրա հենվելով, խարսխվելով՝ ստեղծելու ենք ավելի կայուն մի հայրենիք․․․ հույսս իրենք են»։
Ինչպես շատ-շատերը, Նառա Վարդանյանը ևս համոզված է, որ այսօր էլ կանայք հազար ու մի դժվարությունների առջև են կանգնում ՝ սկսած կենցաղային հոգսերից մինչև ամենատարաբնույթ խնդիրներ․ - «Բարդություններ ունեն։ Բայց այս օրը կարող է նաև նրանով առանձնացվել, նշանավորվել, որ կանայք ևս մի անգամ իմանան իրենց իրավունքները, գնահատված լինեն, հավասար իրավունքների կրող լինեն»։
Գրականություն մուտք գործող երիտասարդների կին - տղամարդ տարբերակմանն անդրադառնալով՝ Վարդանյանն ասաց․ - «Ճիշտն ասած՝ ես առաջին հայացքից այդ առանձնացումները չեմ զգում գրականության ոլորտում։ Երբեմն այդ առանձնացումներն անում են տղամարդիկ, ինչքան էլ որ տարօրինակ լինի։ Սովորաբար համարում են գրականությունը արական սեռի անելիք»։
Դիտարկմանը, թե այսօր ավելի շատ երիտասարդ կանայք են ներգրավված գրականության ոլորտում, Նառա Վարդանյանն արձագանքեց․ - «Այո։ Երիտասարդ կանայք են, ովքեր լավ գրում են, մտածում են։ Եթե ես առանձնացնեմ, ինքս էլ դնում եմ տարբերություն։ Ինձ համար էական չէ, պետք է լավ գրականություն լինի, կարևոր չի ստեղծողը կին է, թե տղամարդ։ Կարծում եմ, գրականությունը սեռային պատկանելություն չունի»։
Հավելենք, որ Գրողների միության երիտասարդական «Գրեթերթ» պարբերականի առաջիկա համարը լույս կտեսնի մարտի վերջին, բայց այն նվիրված չէ կանանց միամսյակին․ - «Մեր սիրուն համարներից մեկը կլինի։ Հետաքրքիր է, որ էդպես առանձնացում չենք արել, տպագրվելու են կանայք, տղամարդիկ։ Կար ժամանակ, երբ կանայք ընտրության իրավունք չունեին, այսօր այդ մասին չենք մտածում, գուցե վաղը կլինեն բաներ, որոնք էսօր որպես կին հաղթահարում ենք, բայց վաղը էդ մասին մտածելու բան չենք ունենա։ Ինձ թվում է, այս տոնի ձեռքբերումներից է նաև, որ չեն մտածում, որ իրենք երբևէ չեն ունեցել ընտրության իրավունքի հնարավորություն և բազում այլ խնդիրներ։ Մեր հասարակության մեջ երևի ավելի շատ կենցաղային խնդիրներն են կանանց ուսերին՝ և՛ աշխատել կամ սովորել, և՛ հոգ տանել երեխայի կենցաղավարության մասին։ Ես էդպիսի խնդիրների եմ բախվում։ Ինձ թվում է, դա նաև շատ էնթիկ, շատ հին, պատրիարխալ դասակարգային բաներ է ունեցել, երբ որ հին ժամանակներում տղամարդը դրսում որս է արել, կինը տանը երեխա է խնամել, կերակրել։ Ժամանակի ընթացքում կինը որոշեց, որ ինքն էլ պետք է որս անի, բայց նաև մնացածը մնաց իր ուսերին»։