Մատչելիության հղումներ

ՄԻՊ-ն անթույլատրելի է համարում պատգամավորների տների մոտ նրանց նկարներով ծաղկեպսակների ու դագաղների տեղադրումը


Ազգային ժողովի մի շարք պատգամավորների տների կամ շենքերի մոտ վերջին օրերին տեղադրվել են ծաղկեպսակներ ու դագաղներ այդ պատգամավորների նկարներով, արձանագրում է Մարդու իրավունքների պաշտպանը` անթույլատրելի համարելով նման երևույթները:

Սրա հետ կապված, ինչպես նշում է Արման Թաթոյանը, արձանագրվել են հանրային որոշ քննարկումներ, որոնք նկատի ունենալով 2018թ. նույն երևույթները` հղում են անում «բումերանգի օրենքին»:

«Այն, որ այս արատավոր երևույթները տեղի են ունեցել 2018թ., չի նշանակում, թե նույնը պետք է անել հիմա: Հակառակ դեպքում մենք կհայտնվենք այնպիսի վտանգավոր փակ շղթայի մեջ, որ ամեն անգամ նույն արատավոր երևույթը կարող է կրկնվել` հղում անելով «բումերանգի օրենքին» կամ դա անելով «վրեժի» զգացումից դրդված: Նշվածը Մարդու իրավունքների պաշտպանը նույն սկզբունքով անթույլատրելի է գնահատել նաև 2018թ.», - հիշեցնում է ՄԻ պաշտպանը:

2018-ին Պաշտպանը նաև նշել էր, որ նման արարքները ոտնահարում են մարդու, նրա ընտանիքի արժանապատվությունը, խաթարում են մարդու ընտանեկան ու մասնավոր կյանքը: Դրանք պարունակում են բռնության սադրանքի տարրեր ու կարող են խախտել մարդու, նրա ընտանիքի հոգեկան վիճակը:

«Այս ամենը միայն ավելացնում է լարվածությունը առանց այն էլ բարդ ու ճգնաժամային իրավիճակում: Մեր երկրում բոլոր իրադարձությունների զարգացումը պետք է ապահովվի մարդու արժանապատվության, նրա իրավունքների նկատմամբ հարգանքի ճանապարհով», - շեշտում է Արման Թաթոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG