Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է բարեփոխումներ չանցկացնելու համար


Ադրբեջան, արխիվային լուսանկար

«Թեև ադրբեջանական հասարակությունը պատերազմից հետո ակնկալում էր երկրում շոշափելի դրական փոփոխություններ, այդ թվում` կառավարության կողմից ավելի քաղաքակիրթ մոտեցում իրենց մրցակիցներին, ցավոք, իշխանությունները ցանկություն չդրսևորեցին բարեփոխումներ անցկացնելու, այդ թվում` քաղաքական ոլորտում»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի ընդդիմադիր ուժերին միավորող «Ժողովրդական ուժերի ազգային խորհուրդը»՝ արձագանքելով ընդդիմադիրների հասցեին Իլհամ Ալիևի հերթական կոշտ հայտարարություներին։

«Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության համագումարին ելույթ ունենալով` նախագահ Ալիևը ասել է, թե պատրաստ է քաղաքական երկխոսության բոլորի հետ, բացի «Ժողովրդական ուժերի ազգային խորհրդի», որի անդամներին անվանել է «դավաճաններ» և «զզվելի մարդիկ»։ Քաղաքական ուժը տարածած հայտարարության մեջ հիշեցնում է միայն մեկ տարվա ընթացքում ընդդիմադիրների նկատմամբ տեղի ունեցած բռնաճնշումները, որոնց արդյունքում ձերբակալվել են տասնյակ ակտիվիստներ և քաղաքական գործիչներ, քրեական հետապնդումների է ենթարկվում նաև ընդդիմադիր առաջնորդ Ալի Քերեմլին։

«Երկրում շուրջ 150 քաղբանտարկյալ կա, շարունակվում են քաղաքական դրդապատճառներով դատական գործընթացները, խոսքի և հավաքների ազատության իրավիճակը մնում է ողբալի»,- ասվում է քաղաքական ուժի հայտարարությունում։

Ալիևի վարչակազմն իր 18 տարվա իշխանավարման ընթացքում, չնայած փաստերին ու ահազանգերին, որևէ արևմտյան երկրի կողմից երբեք պատժամիջոցների չի ենթարկվել երկրում մարդու իրավունքների շարունակվող ոտնահարումների, ընդդիմախոսներին ձերբակալելու, անկախ լրատվամիջոցների և նույնիսկ միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության արգելքի համար։

XS
SM
MD
LG