Մատչելիության հղումներ

Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպությունները Ալիևից պահանջում են համաներում շնորհել քաղբանտարկյալներին


Արխիվային լուսանկար

Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպությունները Ալիևի վարչակազմից պահանջում են համաներում շնորհել և ազատ արձակել քաղբանտարկյալներին, որոնց թիվը, ըստ մի շարք գնահատականների, 145 է։

«Թուան» գործակալության փոխանցմամբ՝ այսօր Բաքվում քաղհասարակության ներկայացուցիչները հատուկ քննարկում են կազմակերպել, որին մասնակցած Ադրբեջանի վետերանների և հաշմանդամների միավորման անդամ Մուբարիզ Ալիևը ներկայացրել է ղարաբաղյան երկրորդ պատերազմի հաշմանդամների խնդիրները։ Նա, մասնավորապես, պնդել է, որ հաշմանդամները խոչընդոտների են հանդիպում հաշմանդամության կարգը ստանալիս, բացի այդ, Մուբարիզ Ալիևի խոսքերով, կառավարությունը խոստացել է լուծարել պատերազմի մասնակիցների վարկերը, այդուհանդերձ մինչ օրս չի կատարել խոստումը։

Քննարկման ընթացքում ադրբեջանցի իրավապաշտպանները երկրի իշխանություններին կոչ են արել նաև չեղարկել Նարդարանում 2015 թվականից գործող արտակարգ դրության ռեժիմը։ Աղբյուրի համաձայն՝ Բաքվի արվարձանում գտնվող այդ շրջան արդեն 6-րդ տարին է մուտքը սահմանափակ է, ոստիկանությունը շարունակում է պարբերաբար բերման ենթարկել տեղի բնակիչներին, որոնց նաև արգելվում է այցելել մզկիթ։

2016 թվականի նոյեմբերին ադրբեջանցի ուժայինները հատուկ գործողություն իրականացրեցին Ադրբեջանում շիա մահմեդականների կրոնական կենտրոն համարվող Նարդարանում, որի ընթացքում` բնակավայրի մզկիթներից մեկում զոհվեցին ադրբեջանցի վեց հավատացյալներ: Պաշտոնապես որպես «պայքար արմատական իսլամական զինված խմբի դեմ» գործողության ընթացքում ձերբակալվել է շուրջ 20 հոգի, նրանցից շատերը երկարամյա բանտային կալանքի են դատապարտվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG