Մատչելիության հղումներ

«Մարկեսյան ընթրիք». Գաբրիել Գարսիա Մարկեսի ծննդյան օրվան նվիրված երեկո «Լոֆթ»-ում


Այսօր աշխարհահռչակ Գաբրիել Գարսիա Մարկեսի ծննդյան օրն է, ինչի կապակցությամբ այս երեկո «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնի և «Անտարես» հրատարակչության նախաձեռնությամբ կազմակերպվում է մի յուրօրինակ իրադարձություն՝ «Մարկեսյան ընթրիք» խորագրի ներքո:

Թե ինչպիսին է լինելու աշխարհի ամենանշանավոր գրողներից մեկի, Նոբելյան մրցանակակրի ծննդյան օրվան նվիրված այս երեկոն «Լոֆթ»-ում և ինչպես որոշվեց հենց այս կերպ նշանավորել մեծ գրողի ծննդյան օրը՝ ներկայացրեց նախաձեռնության հեղինակներից մեկը՝ «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:

«Որոշեցինք, որ քանի որ վերջին երեք տարիների ընթացքում բազմաթիվ մարկեսյան գրքեր են հրատարակվել հայերեն, դա արդեն պարտադրանք էր ուղղակի, որ չի կարելի Մարկեսի ծննդյան օրվա կողքով անտարբեր անցնել, մանավանդ, որ շատ սիրված գրող է Մարկեսը Հայաստանում: Մանավանդ, որ տարբեր հանգամանքների բերումով այդ գրքերի շնորհանդեսները տեղի չէին ունեցել՝ և՛ COVID, և՛ պատերազմ և այլն, ուստի որոշեցինք մեկտեղել բոլոր գրքերի առիթը և նշել «Լոֆթ» կենտրոնում», - ասաց Նիկողոսյանը:

Մարկեսն իրոք հայ հասարակության ամենասիրված գրողներից մեկն էր դեռ խորհրդային տարիներից, երբ մեր անվանի գրողներից մեկի՝ Ռուբեն Հովսեփյանի ռուսերենից հայերեն թարգմանությամբ լույս տեսավ նրա ամենահայտնի վեպերից մեկը՝ «Հարյուր տարվա մենությունը»: Բայց վերջին տարիներին մեկը մյուսի ետևից արդեն բնագրից թարգմանաբար մեր ժամանակակից թարգմանիչները հայ ընթերցողին են ներկայացնում մարկեսյան վեպերն ու պատմվածքները, հոդվածները: «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով՝ իրենք հենց այս երեկո կրկին մարկեսյան նոր գիրք կներկայացնեն:

«Հարյուր տարվա մենությունը» նոր թարգմանությամբ, «Նահապետի աշունը» նոր թարգմանությամբ, «Գնդապետին գրող չկա» վիպակը Կառա Չոբանյանի թարգմանությամբ առաջին անգամ է լույս տեսնում հայերեն, «Հայտարարված սպանության քրոնիկոն» վեպը էլի Կառա Չոբանյանի թարգմանությամբ և «Հուշագրություն իմ տխուր պոռնիկների մասին» Մարկեսի վերջին շրջանի գրքերից մեկը Ռուզաննա Պետրոսյանի թարգմանությամբ, «Երեքշաբթի օրվա ֆիեստան» պատմվածքների ժողովածուն Կառա Չոբանյանի թարգմանությամբ և հենց մարտի 6-ին, միջոցառման ժամանակ ընթերցողի սեղանին կդնենք նաև Մարկեսի «Սերը խոլերայի ժամանակ» վեպի նոր թարգմանությունը՝ Ռուզաննա Պետրոսյանի թարգմանությամբ», - ասաց Նիկողոսյանը:

Գաբրիել Գարսիա Մարկեսի ծննդյան այս երեկոն «Մարկեսյան ընթրիք» խորագրի ներքո զուտ գրական է և կազմակերպիչները որևէ նպատակ չունեն այն խնջույքի վերածելու մեր օրերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG