Մատչելիության հղումներ

Ըստ Պետրոսյանի, եթե չլինի «այնպիսի իրականություն, որ խնդիր առաջանա կասեցնելու շահագործումը, ապա տնտեսվարողը պետք է շահագործի հանքը»


«Եթե չլինի այնպիսի օբյեկտիվ իրականություն վերհանված քրեական գործի վարույթով, որ հստակ խնդիր առաջանա կասեցնելու շահագործումը, ապա տնտեսվարողը պետք է շահագործի այդ հանքավայրը», - «Ազատության» հետ զրույցում, անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ հարցին, հայտարարեց Շրջակա միջավայրի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը:

Շրջակա միջավայրի նախարարը նշեց, որ ինքը պատասխանատու հանքարդյունաբերության կողմնակից է՝ երկրի տնտեսության այս վիճակում և պետության զարգացման ընդհանուր պոտենցիալի իրացման առումով:

«Ամուլսարի խնդիրն այս պահին առկախված է կախված Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի առկայությամբ: Ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ այդ մասին խոսելու, որ ինքս նաև մեծապես հղվելու եմ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի արդյունքներին: Հանգուցալուծմամբ, եթե վեր հանվեն այնպիսի օբյեկտիվ իրողություններ, որոնք կասկածի տակ կդնեն թե՛ ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացությունը, թե՛ առհասարակ մյուս ինստիտուցիոնալ փաստաթղթերը, լիցենզիաները, թույլտվությունները, որոնք թույլ են տալիս տնտեսվարողին շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը, այդ դեպքում ես իմ լիազորությունների և իրավասությունների շրջանակում, բնականաբար, կմիջամտեմ, որ չշահագործվի», - ասաց Պետրոսյանը:

Ռոմանոս Պետրոսյանը նշեց՝ եթե բոլոր փաստերը քննվելուց հետո պարզվի, որ որևէ խանգարող փաստ և հանգամանք գոյություն չունի, ապա Շրջակա միջավայրի նախարարությունը ինստիտուցիոնալ առումով որևէ գործիքակազմ և իրավասություն չունի միջամտելու:

«Որքանով հասցրել եմ թե՛ որպես քաղաքացի, թե՛ որպես այս ոլորտի պաշտոնյա ուսումնասիրել նախագիծը, ռիսկերը, բնապահպանների կողմից վեր հանված մտահոգությունները, Ամուլսարի հանքարդյունահանման նախագիծը խոշոր հաշվով կանխարգելիչ միջոցառումները և այն տեխնոլոգիաները, որ նախատեսվում է կիրառել և նաև այն մասնագիտները, որոնք ներգրավված են եղել ծրագրի կազմման, նաև վերջին շրջանում մեր հարցադրումների պատասանների այդ հղումներում, բավականին ներկայանալի են, ինչը հույս է ներշնչում: Եթե ունենք հավուր պատշաճի պետական վերահսկողություն և եթե չլինի, այնպիսի օբյեկտիվ իրականություն վերհանված քրեական գործի վարույթով, որ հստակ խնդիր առաջանա կասեցնելու շահագործումը, ապա տնտեսվարողը պետք է շահագործի այդ հանքավայրը, պետական խիստ վերահսկողության ներքո վճարի իր հարկերը», - ընդգծեց նախարարը:

Կորոնավիրուսի պայմաններում հանրահավաքների անցկացումը

Անդրադառնալով կորոնավիրուսային պայմաններում հանրահավաքների անցկացմանը՝ Ռոմանոս Պետրոսյանն ասաց. «Մեծ հաշվով անընդունելի է, բաց երկրում այնպիսի քաղաքական զարգացումներ են և այնպիսի ճգնաժամային վիճակում ենք գտնվում, որ գուցե կոռեկտ չհնչի ասածս, բայց որոշ խնդիրներ երկրորդ պլան են մղվում, առաջնահերթություններն են առաջ մղվում և այդ պահին պարզապես այդպես էր ստացվել՝ պայմանավորված քաղաքական իրավիճակով և մասնավորապես՝ Մարտի 1-ով»:

Հարցին՝ պատերազմում պարտված երկրում ժամանակն է Գլխավոր շտաբի պետի փոփոխություն անել, նախարարը պատասխանեց, թե խնդիրն այն է, որ «բարձրաստիճան զինվորականները և գեներալի դասի մի պատկառելի ներկայացուցչական մաս հակասահմանադրական հայտարարություն տարածեցին». «Մեր հարգարժան գեներալ-գնդապետի ռազմական գիտելիքների փորձի և վաստակին որևէ կասկած չունենք, խնդիրն այստեղ հակասահմանադրական այն երևույթն է, երբ բարձրաստիճան զինվորականները և գեներալի դասի մի պատկառելի ներկայացուցչական մաս հակասահմանադրական հայտարարություն տարածեց, ինչը Սահմանադրության 14-րդ հոդվածի 2-րդ կետով հստակ ամրագրված է, որ զինվորականությունը քաղաքական չեզոքություն է պահպանում և գտնվում է քաղաքացիական վերահսկողության ներքո»:

Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը վարչապետը նախագահին է ներկայացրել փետրվարի 25-ին, երբ առավոտյան հրապարակվեց Զինված ուժերի անունից ԳՇ հայտարարությունը՝ վարչապետի և Կառավարության հրաժարականի պահանջով։ Վարչապետն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց։ Նույն օրը Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում Փաշինյանը հրաժարական տալու կոչ արեց Գասպարյանին։

Նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարում է, որ չի ընդունում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը և Սահմանադրական դատարան է դիմում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի առնչությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG