Արտգործնախարար Արա Այվազյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ։
Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները հանգամանալից քննարկում են ունեցել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Այվազյանը և Վարհեին միմյանց շնորհավորել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ այն նոր թափ կհաղորդի Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին:
Նախարարը և հանձնակատարը մտքեր են փոխանակել Արևելյան գործընկերության ետ-2020 տեսլականի շուրջ՝ ընդգծելով նախաձեռնության ամբողջականության և ներառականության ապահովման կարևորությունը, նշված է հաղորդագրությունում։
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի: Երկուստեք կարևորվել է Արցախի ժողովրդին տեղում հումանիտար օգնության տրամադրումը: ԱԳ նախարարն առանձնահատուկ ընդգծել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված հումանիտար պարտավորությունների իրագործման, մասնավորապես՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման հրամայականը։