Մատչելիության հղումներ

Տղամարդը զինծառայողի մորից ավելի քան 1 մլն դրամ է պահանջել նրան Հայաաստան տեղափոխելու պատրվակով, հայտնում է ՔԿ-ն


Քննչական կոմիտեն հայտնում է Կոտայքի մարզի երկու բնակչուհուց խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքերի բացահայտման մասին:

Ըստ հաղորդագրության` Գեղարքունիքի մարզի 41-ամյա բնակիչը, նախորդ նոյեմբերին ծանոթանալով Հրազդանի բնակչուհու հետ, իմանալով, որ վերջինիս որդին, լինելով զինծառայող, մասնակցել է արցախյան պատերազմական գործողություններին, իսկ հոկտեմբերի 1-ից հետո դադարել է կապը նրա և հարազատների միջև, ուրիշի գույքին տիրանալու նպատակով, նրան հայտնել է, թե իբր ծառայում է զինված ուժերում, ծանոթներ ունի և զբաղվում է նրա որդու որոնողական աշխատանքներով:

Իմանալով, որ վերջին անգամ զինծառայողին տեսել են մարտի դաշտում՝ վիրավորված, խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ տղամարդը զինծառայողի մորը հայտնել է, թե նրա որդին վիրավորվել է և հայտնվել գերության մեջ: Որդու բուժման և Հայաստան տեղափոխելու պատրվակով նոյեմբերի 29-ից մինչև հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում տղամարդը խաբեությամբ, մաս-մաս պահանջել է խոշոր չափերի, ընդհանուր՝ 1 միլիոն 271 հազար դրամ, որը Հրազդանի բնակչուհին փոխանցել է նրա կողմից տրամադրված հաշվեհամարին, իսկ վերջինս կանխիկացման եղանակով հափշտակել է այն։

Այդ ժամանակահատվածում Հրազդանի բնակչուհուն հայտնելով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ՝ Երևանում բնակարան ստանալու վերաբերյալ, 41-ամյա տղամարդը, միջնորդավճարներ վճարելու համար, պահանջել է գումարներ՝ վերադարձնելու կեղծ խոստումով: Արդյունքում՝ Հրազդանի բնակչուհին նրան է հանձնել ընդհանուր՝ շուրջ 70 հազար դրամ, իսկ վերջինս, չարաշահելով ձեռք բերված վստահությունը, հափշտակել է այն:

Բացի այդ, տղամարդը «օդնոկլասնիկ» էլեկտրոնային կայքէջով ծանոթացել և մտերմություն է հաստատել Չարենցավանի 45-ամյա բնակչուհու հետ, որին ամուսնանալու սուտ խոստումներ է տվել: Տղամարդը, խարդախությամբ խոշոր չափերով գույք հափշտակելու դիտավորությամբ, խեղաթյուրելով իրականությունը, 45-ամյա կնոջից թաքցրել է ամուսնացած լինելու և անչափահաս երեխաներ ունենալու հանգամանքը, հայտնել է, թե իբր ծառայում է ՀՀ զինված ուժերում և Երևան քաղաքում պետք է բնակարան ստանա: Այդ նպատակով միջնորդավճարներ վճարելու, ինչպես նաև բնակարանի ստացման համար ծագած վիճաբանության ժամանակ առաջացած խնդիրները լուծելու և հետագայում համատեղ կյանքով ապրելու պատրվակով, նա վերադարձնելու կեղծ խոստումով Չարենցավանի բնակչուհուց մաս-մաս պահանջել է գումարներ, որի արդյունքում կինը նրան է հանձնել խոշոր չափերի, ընդհանուր՝ 735 հազար դրամ գումար, իսկ վերջինս, չարաշահելով ձեռք բերված վստահությունը, հափշտակել է այն, նշում են ՔԿ-ից:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով խարդախություն): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG