Մատչելիության հղումներ

Չավուշօղլուն հայտարարել է, թե «բանակը չպետք է պահանջի ընտրված կառավարության հրաժարականը»


Պաշտոնական Անկարան հետևում է Հայաստանում ծավալվող իրադարձություններին։ Այս մասին այսօր Բուդապեշտում իր հունգարացի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մենք դատապարտում ենք ցանկացած ռազմական հեղաշրջում կամ նման հեղաշրջման փորձ, կարևոր չէ, թե աշխարհի որ երկրում է դա տեղի ունենում։ Մարդիկ իրավունք ունեն քննադատել իրենց երկրի կառավարությանը, պահանջել այդ կառավարության հրաժարականը։ Անընդունելի է, սակայն, երբ զինվորականներն են պահանջում ընտրված կառավարության հրաժարականը: Այնպես որ, մենք դատապարտում ենք Հայաստանում հեղաշրջման փորձը», - հայտարարում էր Չավուշօղլուն։

Թուրքական դիվանագիտության ղեկավարի խոսքով` ի դեպ, պետք է անել հնարավորը, որպեսզի հեղաշրջման փորձերը չազդեն ողջ տարածաշրջանի վրա։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, կրակի դադարեցման գործընթացներ են ծավալվել։ Տարածաշրջանում կայունություն հաստատելու լուրջ հնարավորություն է ստեղծված, և դա լուրջ գնահատականի կարիք ունի։ Տարածաշրջանի պետություններում կայունության պահպանումը, սակայն, ևս խիստ կարևոր է, և ռազմական հեղաշրջումների փորձերը ապակայունացնող ազդեցություն են ունենում», - հայտարարում էր Մևլութ Չավուշօղլուն։

XS
SM
MD
LG