Մատչելիության հղումներ

Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն է բացվել


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության

Երեկ Էրբիլում տեղի է ունեցել Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը:

Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը ներկայացրել է դիվանագիտական ներկայացուցչության նպատակները և առաջիկա ծրագրերը: Գլխավոր հյուպատոսը նշել է, որ վերջին ամիսների ընթացքում Իրաքյան Քուրդիստանի գործընկերների հետ ակտիվ շփումների շնորհիվ արդեն իսկ ձևավորված է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգ, և դրա կյանքի կոչման ուղղությամբ ջանքեր գործադրելու պատրաստակամություն է հայտնել:

Արտգործնախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը նշել է, որ Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև դինամիկ զարգացող հարաբերությունների հիմքում են ընկած երկու ժողովուրդների պատմական ամուր կապերն ու բարեկամությունը:

«Այսօր, հիրավի, նշանակալից իրադարձություն է հայ-իրաքյան հարաբերությունների պատմության մեջ։ Հայաստանը մշտապես մեծ կարևորություն է տվել Իրաքի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացմանը, որի առհավատչյան Էրբիլում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության աշխատանքի մեկնարկն է: Հայերը պատմության տարբեր հանգրվաններում բնակություն են հաստատել այս երկրում, այդ թվում՝ Իրաքյան Քուրդիստանում, և արժանացել իշխանությունների բացառիկ բարյացկամ վերաբերմունքին։ Ուստի այսօր պատահական չէ, որ բազմահազարանոց հայ համայնքը շարունակում է ապրել այստեղ՝ իր նպաստը բերելով այն երկրի զարգացմանը, որի քաղաքացին է հանդիսանում», - նշել է Ապիտոնյանը:

Իրաքյան Քուրդիստանի կառավարության արտաքին հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Սաֆին Դիզայեն բարձր է գնահատել Հայաստանի իշխանությունների՝ Էրբիլում գլխավոր հյուպատոսություն հիմնելու որոշումը և Իրաքյան Քուրդիստանի կառավարության անունից խոստացել լիակատար աջակցություն ցուցաբերել հյուպատոսության աշխատանքներին:

Ապիտոնյանը և Դիզայեն միասին հյուպատոսության վրա բարձրացրել են նախօրեին Էրբիլի հայկական եկեղեցում օծված Հայաստանի պետական դրոշը:

Միջոցառմանը մասնակցել են նաև Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության անդամներ, խորհրդարանի անդամներ, հոգևոր առաջնորդներ, Իրաքում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և լրագրողներ:

Նույն օրը Հայաստանի արտգործնախարարի տեղակալը հանդիպել է Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության նախագահ Մասուդ Բարզանիի հետ:

Բարզանին նշել է, որ հայ-քրդական պատմական առնչությունները գալիս են դարերի խորքից, և հենց այդ ամուր կապն է ընկած երկու ժողովուրդների բարեկամության հիմքում: ՔԺԿ նախագահը բարձր է գնահատել Հայաստանի իշխանությունների՝ Էրբիլում գլխավոր հյուպատոսության բացման որոշումը` ընդգծելով, որ դիվանագիտական առաքելությունը կհանդիսանա երկու բարեկամ ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման խթան:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG