Մատչելիության հղումներ

Ֆրանսիացիները «կորոնասպան» դիմակ են ստեղծել


Պատվաստում կորոնավիրուսի դեմ Ֆրանսիայում, արխիվ, Փարիզ:

BioSerenity ֆրանսիական նոր և դեռ ոչ շատ հայտնի ընկերությունը ստեղծել է դիմակ, որն արտաքուստ հիշեցնում է ամենուրեք օգտագործվող կապույտ կամ կանաչ բժշկական դիմակները, սակայն ունի հատուկ շերտ, որը կարողանում է «սպանել» ցանկացած վիրուս, այդ թվում՝ COVID-19 հիվանդության հարուցիչը:

Այդ ստարտափ ընկերությունը հայտարարել է, որ դիմակը կրողը ստանում է 99,9 տոկոսի պաշտպանություն:

Բուն գաղափարի հեղինակը Լիլ քաղաքի համալսարանի պրոֆեսոր Նիկոլա Բլանշմանն է, ով իր թիմով դեռ 2006 թվականին հետազոտել էր թռչնագրիպի տարածումը զսպելու հնարավորությունները:

«Դիմակի յուրահատկությունն այն է, որ ունի «վիրուսասպան» հատուկ շերտ, հենց վիրուսը բախվում է այդ շերտին՝ անմիջապես չեզքոքացվում է, երբ մարդը շնչում և արտաշնչում է, վիրուսն անպայման դիպչում է թաղանթին ու սպանվում է, այդպիսով դիմակը լրացուցիչ պաշտպանություն է ապահովում, քանի որ ոչ միայն «բռնում» է վիրուսին, այլև դրան դեակտիվացնում և անվտանգ է դարձնում», - ասել է պրոֆոսոր Բլանշմանը:

BioSerenity ընկերությունը սկսելու է արտադրել այդ «զարմանահրաշ» դիմակի երկու տարբերակ՝ մեկը FFP2 սերտիֆիկատով, մյուսը՝ վիրաբուժական նշանակության:

«Եթե ես ստիպված լինեմ ընտրություն անել FFP2-ի և զուտ բժշկական դիմակի միջև, թերևս կընտրեմ FFP2-ը, որովհետև այն ավելի երկար ժամանակ է կլինիկական փորձարկումների ենթարկվել», - ասել է ֆրանսիացի թերապևտ Միշել Ռոշոն:

Ստարտափն իր նոր դիմակներն արտադրելու է Տրուա ավանի գործարանում: FFP2 տեսակի դիմակի գինը 1 եվրո 49 սենթ է, բժշկականինը՝ 44 սենթ:

Ֆրանսիայում հիմա խիստ պայքար են մղում կորոնավիրուսի տարածման դեմ: Գործում են կարանտինի սահմանափակումներ, ռեստորանները, թանգարանները և ժամանցի կենտրոններն առայժմ փակ են:

XS
SM
MD
LG