Մատչելիության հղումներ

Իշխանությունները շարունակում են պնդել՝ ԱԺ ընդդիմությունը չի համաձայնել արտահերթ ընտրությունների օրակարգին


Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի պնդմամբ՝
խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները մերժել են արտահերթ ընտրությունների օրակարգը քննարկելու իշխանության առաջարկը։

«Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ Ռուբինյանն ընդգծեց՝ երբ Էդմոն Մարուքյանն ասում է՝ «եթե լինեն արտահերթ ընտրություններ, մենք կմասնակցենք», դա չի նշանակում, որ Էդմոն Մարուքյանն ու «Լուսավոր Հայաստան»-ը համաձայնել են արտահերթ ընտրությունների անցկացմանը, իսկ «Բարգավաճ Հայաստան»-նն էլ, Ռուբինյանի խոսքով, պատասխանել է, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք իրենք չեն գնալու ընտրությունների։

Ռուբինյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև

«Ազատություն»․ - Արամ Սարգսյանը, Արման Բաբաջանյանը, Հայ Ազգային կոնգրեսը, «Սասնա ծռեր»-ը, «Քաղաքացու որոշում»-ը, նախագահը, կաթողիկոսը, բուհերը հանրությո՞ւն չեն, ձեզ էլ ի՞նչ ազդակ է պետք, որ տեսնեք, կա արտահերթ ընտրությունների պահանջ։

Ռուբեն Ռուբինյան․ - Ես չեմ կարծում, որ Ձեր նշածներից վերջին երեքը արտահերթ ընտրությւոնների վերաբերյալ արտահայտվել են։

«Ազատություն»․ - Իրենց հայտարարություններում խոսել են արտահերթ լուծումների մասին։

Ռուբեն Ռուբինյան․ - Արտահերթ լուծումներն անպայման չէ, որ նշանակի արտահերթ ընտրություն, և երկրորդը՝ բաժանենք երկու կատեգորիաների՝ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններ՝ երկուսն էլ մերժել են օրակարգը քննարկելու առաջարկը։

«Ազատություն»․ - Բայց ասում են՝ «կմասնակցենք», ԲՀԿ-ն ասում է, ԼՀԿ-ն ասում է, 17-ից էլ Վանեցյանն է ասում, Քոչարյանն է ասում։

Ռուբեն Ռուբինյան․ - Չեն ասում, եկեք տարբերակենք՝ պնդում մեկ՝ «եթե լինեն արտահերթ ընտրություններ, մենք կմասնակցենք», պնդում երկուս՝ «մենք համաձայն ենք, այո՛, անցկացնել արտահերթ ընտրություններ»։ Սրանք տարբեր պնդումներ են։ Երբ որ Էդմոն Մարուքյանն ասում է՝ «եթե լինեն արտահերթ ընտրություններ, մենք կմասնակցենք», դա չի նշանակում, որ Էդմոն Մարուքյանն ու «Լուսավոր Հայաստան»-ը համաձայնել են արտահերթ ընտրությունների անցկացմանը։ Օրինակ, մենք առաջարկել ենք ճանապարհ՝ ուզո՞ւմ եք իշխանափոխություն, ուզո՞ւմ եք մենք անհապաղ ապազգային, դավաճան, ապիկար իշխանություններս, ըստ ձեզ, ձեր բնորոշումներով, օր առաջ, կրկին ձեր բնորոշմամբ, հեռանանք, շատ լավ, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» եկեք հենց հիմա ստորագրում ենք հուշագիր առ այն, որ երեք խմբակցություններն Ազգային ժողովի համաձայնում են, որ գնում ենք արտահերթ ընտրությունների, որից հետո վարչապետը հրաժարական է տալիս, երկու անգամ վարչապետ չի ընտրվում և գնում ենք արտահերթ ընտրությունների։ «Բարգավաճ Հայաստան»-ը պատասխանել է, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք իրենք չեն գնալու ընտրությունների, ինչը, կարծում եմ, աբսուրդային պայման է, որովհետև այդ տրամաբանությամբ իրենք հերթական ընտրությունների էլ չպետք է մասնակցեն, և երկրորդը՝ «Լուսավոր Հայաստան»-ը ասում է՝ ոչ, մեծ հաշվով, ասում է ոչ, արտահերթ ընտրությունների օրակարգին ասում է ոչ։

«Ազատություն»․ - Ասում է՝ «ով է ձեր ձեռքը բռնել, դուք անցկացրեք, մենք մասնակցենք»։

Ռուբեն Ռուբինյան․ - Եթե Էդմոն Մարուքյանը համաձայնվում է արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարին, ապա ինչո՞ւ է հայտարարում, որ եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս, ինքը կառաջադրվի։ Արդյո՞ք այստեղ հակադրություն չկա, կարծում եմ, որ դա ակնհայտ է։

«Ազատություն»․ - Պարոն Ռուբինյան, հավաքների մարդաշատության մասով, Դուք չմեկնաբանեցիք, ինչպես Դաշնակցությունից Իշխան Սաղաթելյանն է բնորոշել շաբաթօրյա հանրահավաքով, մասնավորապես, «իշխանական խմբակին խորը ապտակ տվեցինք։ Երբ ասում էիք շարժումը մարում է, մարդիկ չեն գալիս մեր ցույցերին»։

Ռուբեն Ռուբինյան․ - Այսպիսի հանրահավաքներ Ձեր նշած ուժերը անցկացրել են նաև նախկինում։ Ես շատ նորմալ եմ վերաբերվում այդ հավաքների անցկացմանը, դա մարդկանց սահմանադրական իրավունքն է։ Հավաքներում հնչած խոսքերի բովանդակությունը նորմալ չեմ համարում, բայց դա արդեն քաղաքական գործունեություն է։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG