Մատչելիության հղումներ

«Իշխանությունը այլ ելք չի թողնում. ընտրություններին սպասող քաղաքացիները պարտավոր են փողոց դուրս գալ». ընդդիմության արձագանքը


Ընդդիմադիրների բողոքի ակցիան Երևանում, արխիվ

Արտահերթ ընտրությունների մտադրությունից հրաժարվելով՝ իշխանությունը հանրությանը մղում է հակասահմանադրական, ծայրահեղ գործողությունների, համոզված է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Դա «Լուսավոր Հայաստանի» ճանապարհը չի, բայց այդ հավաքված, կուտակված էներգիան ինչ-որ մի տեղ դուրս է գցելու, և դրա թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է», - ասում է Մարուքյանը:

Ընդդիմադիր պատգամավորը հիշեցնում է վերջին դեպքը` Վահան Բադասյանի՝ Փաշինյանից ֆիզիկապես ազատվելու հայտարարությունը, որի համար նա կալանավորվեց. «Բայց հիմա, օրինակ, ունենք Վահան Բադասյանի գործը չէ՞, որ մարդը կալանավորված է: Այդ ծայրահեղ հայտարարությանն ինչի՞ է նա գնացել, բոլոր սահմանադրական ճանապարհները փակում են, մարդիկ պոռթկում են, և հետևաբար ամեն ինչ էլ հնարավոր է լինի»:

Իշխանությունը մտափոխվել է։ Արտահերթ ընտրությունների էջն այս փուլում փակում է։ Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարում է` վարչապետի հետ հանդիպման ժամանակ արձանագրել են, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու Փաշինյանի առաջարկը խորհրդարանական ընդդիմությունը դրական արձագանքի չի արժանացրել: Փաշինյանն ու թիմակիցները փակ հանդիպման ժամանակ արձանագրել են նաև, որ հանրության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, հետևաբար շարունակելու են աջակցել վարչապետին:

«Մրցապայքար է, և քաղաքական գործընթացները, այդ թվում` ընտրական գործընթացներն ունեն իրենց տրամաբանությունն ու ընթացակարգը, և այդ տրամաբանությունը հուշում է, որ որպեսզի երաշխավորվի քաղաքացիների ազատ կամարտահայտումը, որպեսզի երաշխավորվի, որ որևէ կերպ ժողովրդավարական պրոցեսները չեն տուժում դրանից, դրա համար անհրաժեշտ է այդ երկխոսությունը և համաձայնությունը, ինչին չհամաձայնեց ընդդիմությունը», - ասում է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Փաշինյանը տարեվերջին հայտարարեց 2021-ին ընտրություններ անցկացնելու իր մտադրության մասին և քաղաքական ուժերին հրավիրեց խորհրդակցությունների։ «Բոլոր հարցադրումների պատասխանը ստանալու միայն մի տարբերակ կա՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը»,- գրել էր Հայաստանի ղեկավարը։ Փաշինյանը խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ խորհրդակցությունները ամփոփեց արտահերթի էջը փակելու հայտարարությամբ։

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ Փաշինյանը մտափոխվել է իշխանությունը կորցնելու վախից։ «Նայեք` եթե ունենային նման հնարավորություն, շատ արագ դա կանեին: Վրաստանի օրինակը կարող եմ բերել, երբ որ Սաակաշվիլին հրաժարական տվեց և կրկին վերընտրվեց նոր մանդատով: Այս իշխանությունը տեսավ, որ դրա հնարավորությունը չունի, հետևաբար հանգեց այն եզրահանգմանը, որ եկեք նաղդ եղած իշխանությունը պահենք այնպես, ինչպես կարող ենք»:

«Մեր որոշումները որևէ կերպ, ինչպես դուք ձևակերպեցիք, վախենալու կոնտեքստում չեն կարող լինել», - արձագանքում է Մակունցը:

«Լուսավորն» ու «Բարգավաճը», փողոցում պայքարող «Հայրենիքի փրկության շարժմանը» սատարող ուժերը հայտարարել են` արտահերթ ընտրություններին կողմ են առանց Փաշինյանի վարչապետության։ Վերջին օրերին մոտեցան իշխանական օրակարգին՝ հայտարարելով՝ եթե Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող ուժը Փաշինյանի ղեկավարությամբ գնա արտահերթի, կմասնակցեն ընտրություններին։ Ակտիվացավ նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, թե վերադառնում է մեծ քաղաքականություն, մասնակցելու է ընտրություններին, եթե նույնիսկ Փաշինյանն այն կազմակերպի։

«Ընտրություններն անկտրել ձմերուկ են, չգիտես` ինչ կլինի, նաղդ իշխանությունը թողե՞նք, գնա՞նք ընտրության: Ու որոշել են չանել ընտրություն», - կարծում է Մարուքյանը:

Ժողովրդին ազատ կամարտահայտման հնարավարություն խոստացած Փաշինյանն ու իր թիմակիցներն այդ ինչպե՞ս որոշեցին, որ հանրության լայն շերտերը պատերազմի աղետից հետո հաշտ են իրենց հետ և արտահերթ չեն պահանջում, իշխող ուժին հակադարձում է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. «Հանրության զգալի գիտակից, մտածող, հայրենասեր, երկրի ապագայով, երկրի ներկայով մտահոգ հատվածը, իսկ նրանք մեծամասնությունն են, օր առաջ պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»:

Ինչո՞ւ է հետքայլի համար իշխող ուժը մեղադրում ընդդիմությանը, ընդդիմությունը չէ, որ Փաշինյանից արտահերթ ընտրություն է պահանջել, ընդդիմությունն իր հրաժարականն է պահանջում, ինչից հետո նա ընտրություն անցկացնելու օրակարգն է առաջ քաշել, հիշեցնում է ԲՀԿ-ական պատգամավորը. «Նիկոլ Փաշինյանը չի գնա, հանրությունը նրան կպարտադրի հրաժարական»:

Իշխող ուժի վերջին հայտարարությունը ինքնախոստովանություն է, որ գիտակցում են` վերընտրվելու հնարավորություն չունեն, ասում է «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը. «Բոլոր այն քաղաքացիները, ովքեր սպասում էին, որ ընտրությունների միջոցով կհայտնեն իրենց դիրքորոշումը և կհեռացնեն այս իշխանություններին, իրենք այլևս պարտավոր են իջնել փողոց, որովհետև այլ ճանապարհ, ըստ էության, չկա»:

Լիլիթ Մակունցը վստահեցնում է՝ արտահերթ ընտրություններ անել-չանելու հարցը իշխանությունը կքննարկի հունիսին, երբ կամփոփի հետպատերազմական փուլում իրենց կատարած աշխատանքները։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG