Մատչելիության հղումներ

«Ես համակարգից դուրս չեմ, խորթ չեմ», Անահիտ Ավանեսյանն արձագանքում է իր նշանակման մասին լուրերին


Հայաստանը չի ընտրել ամենաէժան պատվաստանյութը, ընտրել է, բոլոր պայմանները հաշվի առնելով, ամենանպատակահարմարը, ասում է առողջապահության նախարարը: Անահիտ Ավանեսյանը «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ նշում է, որ երկկողմանի բանակցություններ են վարվել ու վարվում, և առաջինն արդյունք է տվել ՌԴ-ի հետ պայմանավորվածությունը: «Պայմանագիրն արդեն ունենք, 1-2 օրվա ընթացքում, հուսով եմ, կստորագրվի, և կունենանք նաև «Սպուտնիկ-Վ» պատվաստանյութը»:

Ավելի վաղ նախարարը փոխանցել էր, որ մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ-Վ» (Sputnik V), «Աստրազենեկա» (AstraZeneca) և «Ֆայզեր» (Pfizer) պատվաստանյութերի օգտագործմանը։

Ընտրվել է ոչ թե ամենաէժան, այլ ամենանպատակահարմար պատվաստանյութը. նախարար

«COVAX-ի շրջանակներում դիտարկվում են «Ֆայզերի» ու «Աստրազենեկայի» արտադրանքները, հիմա պիտի տեսնենք, թե դրանցից որ մեկի հետ ենք ի վերջո պայմանագիրը կնքում և երբ ենք կարողանում այն ապահովել Հայաստանում: Մենք չենք ընտրել ամենաէժանը, մենք ընտրել ենք, բոլոր պայմանները հաշվի առնելով, ամենանպատակահարմարը», - ասում է Ավանեսյանը: Ռուսական պատվաստանյութի մասին նա հայտնեց, որ խոսքը մոտ 15 հազար դեղաչափի մասին է` նախատեսված 7500 հոգու համար:

Հարցին, թե ինչո՞ւ միանգամից ռուսական պատվաստանյութը չեն ձեռք բերում` մյուսների շուրջ ևս բանակցությունները շարունակելով, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց. «Մեր քաղաքականությունն է եղել աշխատել բոլոր ուղություններով ու դիտարկել բոլոր տարբերակներով և ի վերջո հավասարակշռված որոշում ընդունել` հաշվի առնելով պատվաստանյութի անվտանգությունը, դրա արդյունավետությունը, գինը և ներկրման ժամկետների հնարավորությունը: Եվ սրանք բոլորը հաշվի առնելով` դիտարկել ենք նաև «Սպուտնիկ-Վ»-ի ձեռքբերումը»:

Նա նաև նշում է, որ ռիսկային խմբից դուրս կորոնավիրուսի դեմ պատվաստումը կիրականացվի նաև վճարովի, բանակցություններ են ընթանում, որ մասնավոր հիմունքներով ընկերությունները կարողանան ներմուծել ու հնարավորություն ստեղծեն այլ քաղաքացիների համար ևս պատվաստվելու:

Նախարարության հիմնական անելիքները

Օգտատերերից մեկը նշել էր, որ նախարարի պաշտոնը ստանձնելուց առաջ ու հետո չի խոսել ԱՆ-ի միջնաժամկետ ու հեռակա նպատակների մասին:

«Վերականգնողական բուժօգնությունն ու քովիդը լինելու են մեր առաջնահերթություններից, բայց մենք նաև անդրադառնում ենք մոր և մանկան առողջությանը, որը մեր հիմնական առաջնահերթություններից է, շարունակում ենք աշխատանքները առաջնային օղակի զարգացման հետ կապված», - ասում է նախարարը` հավելելով, որ նորից վերականգնելու են առողջապահության ապահովագրության վերաբերյալ քննարկումները, որը ժամանակին մեծ քննարկումների առիթ դարձավ:

«Մեր պատկերացմամբ` պետք է լինի պետական ապահովագրության մոդելը», - նկատում է նա:

Նախարարի խոսքով` վերջին տարիներին առողջապահությանը հատկացվող ֆինանսական միջոցները 30 տոկոսով աճ են ունեցել:

Ինչո՞ւ հենց ինքը նշանակվեց նախարար

Մեկ այլ օգտատեր էլ հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ հենց ինքը նշանակվեց առողջապահության նախարար, արդյոք դրա հետ կապ ունի այն, որ ըստ լուրերի, նախկին նախարար Արսեն Թորոսյանը նրա ամուսնու ընկերն է:

«Իմ ամուսինն, իհարկե, ճանաչում է պարոն Թորոսյանին, ինչպես նաև ես եմ ճանաչել նշանակումից առաջ պարոն Թորոսյանին», - արձագանքում է Ավանեսյանը: Ինչ վերաբերում է մեկ այլ դիտարկման, որ ինքտ բժիշկ չէ մասնագիտությամբ, նա շեշտում է. «Գուցե առաջին անգամն է, որ մասնագիոտւթյամբ ոչ բժիշկն է նշանակվել առողջապահության նախարար, բայց շատ երկրներում քաղաքական պաշտոնը չի ենթադրում տվյալ մասնագիտացումը, ես մասնագիտությամբ իրավաբան եմ, բայց միշտ աշխատել եմ առողջապահության ոլորտում, վերջին գրեթե 3 տարիներին զբաղեցրել եմ նախարարի տեղակալի պաշտոնը, և իմ ներուժն ուղղված է եղել ոլորտի զարգացմանը, ես համակարգից դուրս չեմ, խորթ չեմ, շատ լավ եմ շփվում ոլորտի մասնագետների հետ»:

«Թող դիմեն իրավապահ մարմիններին»

Օգտատերերը նկատել էին, որ ծնելիության մակարդակի բարձրացման մասին է խոսվում, նշվում է, որ Հայաստանում երեխա ունենալն անվճար է, բայց հղիներից գումարներ են գանձնվում, իսկ հակառակ դեպքում վատ վերաբերմունքի արժանացնում: Ի պատասխան` նախարարն ընդգծում է, որ նման դեպքերում իրենք հորդորում են դիմել նախարարության թեժ գիծ կամ իրավապահ մարմիններին, որովհետև Հայաստանում ծննդօգնությունն անվճար է, հավելյալ ծառայությունները` ևս: «Ծնելիության խթանման հետ կապված վերջին 1-2 տարիների ընթացքում բազմաթիվ բարեփոխումներ են իրականացվել», - նկատում է նա:

Զուտ շաքարային դիաբետ ունենալը կարգ տալու հիմք չի

«Զուտ շաքարային դիաբետ ունենալը կարգ տալու հիմք չի հանդիսանում, բայց իհարկե, հաշվի առնելով մարդու ընդհանուր առողջական վիճակը` կարող է կարգ տրամադրվել, բայց դա ոչ բոլոր դեպքերում է», - նշում է Անահիտ Ավանեսյանը` մի խումբ օգտատերերի հարցին ի պատասխան: Ըստ նրա` պետությունը շաքարային դիաբետի ժամանակ ապահովում է ինսուլին` եվրոպական արտադրության, օգտագործողների թիվն ավելացել է, իսկ նախկինում եղած բողոքները դրա վերաբերյալ այլևս չկան:

Ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG