Մատչելիության հղումներ

Բերդաշենի և «Արփի լիճ ազգային պարկ»-ի հարակից տարածքներում ընդերքի ապօրինի օգտագործման փաստերի առթիվ հարուցվել է քրգործ


Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ուսումնասիրություն է իրականացվել Շիրակի մարզի Արփի համայնքի Բերդաշեն բնակավայրի և «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հարակից սահմանում գտնվող տարածքներում ընդերքօգտագործման իրավաչափության կապակցությամբ:

Ըստ հաղորդագրության, ուսումնասիրությամբ պարզվել է, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից 2020-ի սեպտեմբերի 14-ից 17-ը նշված տարածքներում իրականացրած չափագրման աշխատանքների արդյունքում արձանագրվել են չպարզված անձանց կողմից ընդերքի ապօրինի շահագործման և ընդհանուր առմամբ 524028,7 խ/մ ծավալով ավազանման լեռնային զանգվածի արդյունահանման փաստեր։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված տվյալների համաձայն, ինչպես դատախազությունն է նշում, նշված տարածքը գտնվում է Շիրակի մարզի Կապույտ-Կոխի հրաբխային խարամի հանքավայրի հաստատված պաշարների եզրագծում և երբևիցե ծանրաբեռնված չի եղել ընդերքօգտագործման իրավունքով:

Ըստ հաղորդագրության, Կառավարության որոշմամբ հաստատված կարգով իրականացված գնահատմամբ՝ արձանագրված վերոհիշյալ խախտումների՝ հողի դեգրադացիայի, այսինքն հողի բերրի շերտի վնասման և ոչնչացման հետևանքով ընդհանուր առմամբ պատճառվել է էական՝ 22 միլիոն 620 հազար դրամի վնաս, այդ թվում՝ «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքներում՝ 3 միլիոն 982 հազար դրամի, համայնքային գյուղատնտեսական վարելահողերում և այլ հողատեսքերում՝ 9 միլիոն 509 հազար դրամի, սեփականաշնորհված վարելահողերում 9 միլիոն 129 հազար դրամի չափով:

ՊԵԿ-ից ստացված տվյալների համաձայն՝ նշված ծավալների արդյունահանման դեպքում՝ ենթադրական ցուցանիշներով՝ կապված հանքանյութի տեսակից (որի համար անհրաժեշտ է մասնագիտական եզրակացություն) հաշվարկված միայն բնօգտագործման վճարը կարող է կազմել 78 հազար դրամից մինչև 534 միլիոն 771 հազար դրամ:

Այսինքն, ըստ Գլխավոր դատախազության, ուսումնասիրության արդյունքում ստացվել են տվյալներ՝ չպարզված անձանց կողմից, մինչև 2020-ի սեպտեմբերի 17-ը վերոնշյալ տարածքներում հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնները խախտելու, շրջակա միջավայրին էական՝ 22 միլիոն 620 հազար դրամի վնաս պատճառելու, ընդերքի ապօրինի շահագործման՝ ընդհանուր առմամբ 524028,7 խ․մ ծավալով ավազանման լեռնային զանգվածի արդյունահանման, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին էական՝ ընդհանուր առմամբ 78 հազար դրամից մինչև 534 միլիոն 771 հազար դրամ վնաս պատճառելու վերաբերյալ։

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում դատախազի կողմից իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերվել են առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով և 291-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, ասված է հաղորդագրությունում:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել Քննչական կոմիտե։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG