Մատչելիության հղումներ

Լարսը բացվել է նաև բեռնատարների համար, ռուսական կողմում դեռ կուտակված է 615 մեքենա


Բեռնատարներ Վերին Լարսի անցակետի մոտ, արխիվ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կուտակված է մոտ 615 բեռնատար ավտոմեքենա, այսօր հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)՝ վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարության ԱԻ դեպարտամենտից և Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությունը։

Նախորդ շաբաթ ռուս - վրացական սահմանի Վերին Լարսի անցակետը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հիմնականում փակ էր, երեկ բաց էր միայն մարդատար ավտոմեքենաների համար։

ԱԻՆ-ը տեղեկացնում է նաև, որ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Շիրակի մարզի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» և Շուռնուխ-Նոր Առաջաձոր հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

XS
SM
MD
LG