Մատչելիության հղումներ

Բարդ իրավիճակ է, բայց ահռելի տոկունություն կա մեր ժողովրդի մեջ․ Արամ Պաչյան


Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, որը դեռ տարիներ առաջ նշանավորվեց նաև որպես Գիրք նվիրելու օր: Տարիների ընթացքում ձևավորված ավանդույթի համաձայն, շատերն այս օրը միմյանց գրքեր նվիրում, օրվա կապակցությամբ ամենատարբեր միջոցառումներ են կազմակերպվում գրադարաններում, թանգարաններում, դպրոցներում, գրախանութներում և այլուր: Հանդիպումներ են կազմակերպվում գրողների հետ, գրողներն էլ իրենց գրքերն են նվիրում ոչ միայն այդ հանդիպումների մասնակիցներին, այլև փողոցում պատահական անցորդներին:

Այսօր Սիրահարների այգում իր գրադարանի լավագույն գրքերն էր բերել և նվիրում արձակագիր Արամ Պաչյանը: Նա հատկապես երիտասարդության կողմից ամենաընթերցվող հեղինակներից է:

Այսօր Սիրահարների այգում նրան աստիճանաբար շրջապատող և զրույյցի ներքաշող երիտասարդների ներկայությունն էլ այդ մասին էր վկայում: Հուզված էր, սիրտը լցված թե՛ որպես հայ մարդ, թե՛ որպես քաղաքացի, թե՛ որպես գրող։

«Դաժան, դաժանագույն օրեր ենք ապրել ու շարունակում ենք էդ օրերը ապրել ու վերապրել, կրակների միջով ենք անցել ու, չեմ ուզում շատ սկեպտիկ բաներ ասել, բայց դեռ շարունակվելու է էս փորձությունը ու գուցե երկար տևի։ Դրա համար մենք պետք է կազմակերպվենք, հավաքվենք, միասին լինենք։ Մենք կանք, դեռ Հայաստանը կանգուն է։ Պետք է ամեն ինչը վերարժեվորել ու ամուր լինել, խելոք լինել ու ճկուն, որովհետև էս տարածաշրջանում եթե էդպիսին չեղանք, ապա մենք դուրս կմղվենք պատմության ասպարեզից», - «Ազատությանն» ասաց Պաչյանը։

Հարցին, թե արդյոք կարողացել է որևէ բան գրել պատերազմի ընթացքում կամ պատերազմիցց հետո, նա պատասխանեց․ - «Ֆրանսիական ամսագիր է պատվիրել հոդված պատերազմի վերաբերյալ։ Գրեցի։ Էդ էսսեն արդեն վեց լեզուներով թարգմանվել է, նաև թուրքերեն թարգմանվեց, հրապարակվեց։ Հայերենը «Հետք»-ում կա, կոչվում է «Պատերազմ․ ողջ թե մեռած»։ Մի քիչ անձնականացրել էի պատերազմը՝ գնալով դեպի անցյալ, գնալով դեպի հայրիկի մասնակցությունը առաջին պատերազմում որպես վիրաբույժ։ Ինչ լավ է, որ հայրիկը չտեսավ․․․ Շատ տխուր բան եմ ասում, դաժան, բայց մի տեսակ խաղաղություն կա մեջս, որ նաև իրենց սերնդի կիսատ թողած, իրենց սերնդի անավարտությունը որ կար, որ մինչև վերջ չկարողացան հանգրվանի, հանգուցալուծման բերել։ Բայց իսկապես ես հավատում եմ, որ միանշանակ մեծագույն, հրաշալի ազնիվ մարդիկ կային, որոնք ուզում էին էս հարցը լուծեին, բայց իրենց մոտ չստացվեց։ Եվ ոչ միայն չստացվեց, այլև բոլորովին տխուր և փլուզման ճանապարհով գնաց։ Մենք կառուցողական ձևով չենք ապրել էս տարիները։ Հետո մենք մի սերունդ ենք, որ ամբողջովին ինչ-որ արատների, փողոցային կյանքի, վատ կրթության, հազար ու մի կրակների միջով անցած սերունդ ենք․․․ Որոնք որ չունեին էդ հաղթելու գործիքը, ոչ իրենց ծնողները էդ ի վերջո փոխանցեցին, ոչ տվեցին իսկապես գիտելիքներ լինելու էս աշխարհում, ապրելու, կարողանալու գոյատևել էս տարածաշրջանում»։

«Բարդ իրավիճակ է, բայց ահռելի տոկունություն կա մեր ժողովրդի մեջ», - շարունակեց Պաչյանը։ - «Ով Հայաստանում է էս պահին, ամեն մեկը հերոսներ են։ Դա հերոսություն է»։

Անդրադառնալով Գիրք նվելու օրվան ու այսօր գրախանութներում, գրադարաններում ու այլուր տիրող աշխուժությանը՝ Արամ Պաչյանն ասաց․ - «Դա կապում եմ էդ երեսուն տարիների ոչ-մտավոր կեցությամբ ապրելու հետ։ Մարդկանց կոկորդին է հասել էս ամեն ինչը։ Էս քաղաքականությամբ, ողողվել է ամբողջ դաշտը․․․ Ու իրականում քաղաքականություն էլ չի դա, Հայաստանում վաղուց չկա քաղաքականություն։ Ու մեր ողբերգությունը, հեղափոխության պարտության ողբերգությունը ո՞րն էր, որ ես իմ անձնական ողբերգությունն էլ եմ համարում։ Որ քաղաքական համատեքստ չձևավորվեց․․․ Դա քաղաքականություն չի, մենք քաղաքականության մեջ չենք, դուրս ենք քաղաքականությունից։ Երբ որ սկսենք մենք քաղաքականություն անել, դասական, պինդ, ամուր, համաչափ քաղաքականություն վարել, մենք լուրջ դրական առաջընթաց կունենանք։ Ես համոզված եմ դրանում»։

Հարցին, թե ինչու է իր գրադարանի գրքերը նվիրում այսօր, գրողը պատասխանեց․ - «Ես ուզում իմ ամենասիրելի գրքերը, հենց ինձ համար ամենաթանկ գրքերը տալ։ Էնքան փոքր բան է, մարդիկ իրենց կյանքն են տվել մեր երկրի համար։ Սա գրադարան է, գրքեր են, որոնք նվիրում եմ։ Կուզեի ցանկանալ, որ վերջապես գիտակցենք, թե ինչ է իրականությունը, մենք իրականությամբ ապրենք։ Իրականությունը աղետն է, իրականությունը երկրաշարժն է, իրականությունը պատերազմն է, իրականությունը մարդկանց հանդիպել է այգիներում, իրականությունը զրույցներ են․․․ հայհոյելը չի մենակ, մենակ ատելը ու ֆետիշացնելը չի։ Պարզ մարդկային իրականությանը պետք է վերադառնանք։ Ես ինքս էլ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG