Մատչելիության հղումներ

Բրիտանական ֆիլմերի փառատոնը այս տարի կանցկացվի առցանց


Փետրվարի 19-28-ը Բրիտանական խորհուրդը կազմակերում է 17-րդ, արդեն ավանդական դարձած բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոնը, որն այս տարի հասկանալի պատճառով կներկայացվի օնլայն՝ հատուկ բացված bffam.org կայքէջում:

Փառատոնի ընթացքում մեր հանդիսատեսը կարող է դիտել հեղինակավոր մրցանակների արժանացած տարբեր ժանրերի ֆիլմեր: Ֆիլմերի դիտումները անվճար են, ցուցադրվում են անգլերեն բնագրով և հայերեն ենթագրերով:

Ինչպես շեշտում է Բրիտանական խորհրդի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը, փառատոնային ֆիլմերը հասանելի կլինին Հայաստանի ողջ տարածքում:

Փետրվարի 19-ին երեկոյան մեկնարկելիք բրիտանական կինոփառատոնի շրջանակներում կներկայացվեն նաև բրիտանացի հանրահայտ ռեժիսորների դեբյուտային աշխատանքները, որոնք նրանց հաջողության գրավականն են դարձել, փոխանցեց Նարեկ Թովմասյանը․ - «Ճիշտն ասած, մի քիչ դժվար է այս ժամանակահատվածում իրականացնել կինոփառատոն, բայց միևնույն ժամանակ մենք գիտակցում ենք, թե ինչ կարևոր է մշակույթի դերը։ Թե՛ համաճարակը, թե՛ հետպատերազմյան այս շրջանը մեզ ստիպում են կրկնակի եռանդով ամեն ինչին մոտենալ»։

Կինոփառատոնի ընթացքում յուրաքանչյուր ֆիլմի դիտումից առաջ կինոարվեստի մեր երկրպագուները նաև ընդհանուր պատկերացում կարող են կազմել տվյալ ֆիլմի մասին․ - «Քաջ հայտնի կինոքննադատ, լրագրող բրիտանացի Յան Հեյդն Սմիթ կներկայացնի կրկին օնլայն տարբերակով։ Իրեն խնդրել ենք, որպեսզի յուրաքանչյուր ֆիլմից առաջ փոքրիկ ներածական խոսքով հանդես գա, որը կրկին կլինի անգլերեն և թարգմանված կլինի հայերեն ենթագրերով»։

Թովմասյանը վստահ է, որ փառատոնը կունենա հանդիսատեսի լայն շրջանակ․ - «Մենք միշտ ունեցել ենք մոտ քսան հազար հանդիսատես «Մոսկվա» կինոթատրոնում։ Հիմա հուսով եմ, որ նույն եռանդով մարդիկ կնայեն փառատոնի ֆիլմերը նաև առցանց»։

Բրիտանական խորհուրդը յուրաքանչյուր տարի իրականացնում է մի շարք մշակութային ուշագրավ ծրագրեր: Այս տարի ևս մեր արվեստասերներին, բացի առաջիկա կինոփառատոնից, այլ ձեռնարկներ էլ են սպասվում:

«Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ երկու տարի առաջ մենք հիմնադրեցինք առաջին ներառական կատարողական արվեստի խումբը։ Եվ այս թատերախումբը շարունակում է գործել։ Մեկ ուղղություն նոր է մեզ համար։ Դա ստեղծարար ձեռնարկատիրություններն են և մշակութային ընկերությունները, որոնց պետք է խթանենք, զարգացնենք։ Նաև կառավարության հետ աշխատում ենք մշակութային քաղաքականության ձևավորման ուղղությամբ», - ասաց Բրիտանական խորհրդի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG