Մատչելիության հղումներ

Իրանը չի կարող ձեռնպահ մնալ Արցախի հարցում դիրքորոշում արտահայտելուց, շեշտել է ԱԺ նախագահը


Իրանը չի կարող ձեռնպահ մնալ Արցախի հարցում դիրքորոշում արտահայտելուց՝ հաշվի առնելով նաև տարածաշրջանային այլ պետությունների ակտիվ ներգրավվածությունն ի օգուտ ադրբեջանական կողմի թե՛ ռազմական գործողությունների փուլում, թե՛ դրան հաջորդած ժամանակահատվածում, այսօր ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ հանդիպմանն ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահը:

Արարատ Միրզոյանը նշել է, որ կրակի դադարեցման մասին նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո անհրաժեշտ է կյանքի կոչել ամրագրված պայմանավորվածությունները, որպես առաջնահերթություն օր առաջ իրականացնել ռազմագերիների և այլ գերեվարված անձանց շուտափույթ փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:

Խորհրդարանի խոսնակը հավելել է, որ հակամարտությունը չի կարող վերջնականապես լուծված համարվել, քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ արցախահայերի ինքնորոշման իրավունքը:

Խորհրդարանից հայտնում են, որ Աբբաս Զոհուրիին ասել է, որ իրանական կողմը ողջունում է Արցախում կրակի դադարեցման մասին համաձայնության ձեռքբերումը և վերահաստատել ԱԳ նախարար Զարիֆի նախկինում հնչեցրած տեսակետն առ այն, որ ռազմագերիների վերադարձի խնդիրը պիտի շուտափույթ լուծում ստանա:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական կապերն առավել աշխուժացնելու, երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ակտիվացման և հատկապես Սյունիքում համատեղ տնտեսական գործունեության ծավալման վերաբերյալ մի շարք հարցեր:

Հիշեցնենք, որ հունվարին տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Իրանի արտգործնախարարը հայտարարել էր, որ Թեհրանի համար կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է, իսկ Բաքվում նա հանդես էր եկել աղմկահարույց հայտարարությամբ, թե շնորհավորում է ադրբեջանցի ժողովրդին տարածքների ազատագրման կապակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG