Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ռազմական դրությամբ պայմանավորված, փետրվարի 17-ին ստորագրել է հրամանագիր՝ մինչև 2022 թվականի մարտի 1-ը Արցախի համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ չանցկացնելու վերաբերյալ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարար Հայկ Խանումյանը՝ նշելով, որ ընտրությունները հետաձգելու նախաձեռնողը հենց իր ղեկավարած նախարարությունն է։
Խանումյանը պարզաբանել է՝ պատերազմական գործողությունների ընթացքում երկու համայնքի ղեկավարներ զոհվել են, մեկը՝ մահացել, ևս ութ համայնքի ղեկավարների լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են՝ վերջիններիս սեփական դիմումների հիման վրա:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված11 համայնքներից 5-ը ժամանակավորապես գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ այդ համայնքների բնակչությունը ներկայումս ստիպված բնակություն է հաստատել Արցախի և Հայաստանի տարբեր բնակավայրերում, արտահերթ ընտրություններ անցկացնելը տեխնիկապես անհնար է», - գրել է Խանումյանը՝ եզրափակելով․ - «Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ակտիվ աշխատանքներ են տարվում տեղական ինքնակառավարման վերաբերյալ օրենսդրության փոփոխությունների կատարման ուղղությամբ: Նշված գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելուց հետո Արցախում կկազմակերպվեն ՏԻՄ ընտրություններ՝ նոր օրենսդրությանը համապատասխան»: