Մատչելիության հղումներ

Պաշտպանն ահազանգում է՝ Կապանի գյուղերի անմիջական հարևանությամբ գտնվող ադրբեջանական զինծառայողները պարբերաբար կրակոցներ են արձակում


Արման Թաթոյանը՝ Սյունիքում
Արման Թաթոյանը՝ Սյունիքում

Կապան համայնքի գյուղերի անմիջական հարևանությամբ գտնվող ադրբեջանական զինված ծառայողները արձակում են կրակոցներ մանր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից, հայտնել է մարդու իրավունքների պաշտպանը՝ նշելով, որ փետրվարի 16-ին այցելել են Սյունիքի մարզի Կապան քաղաք, Ներքին Հանդ, Շիկահող, Սրաշեն գյուղեր, իրականացրել մանրամասն քննարկումներ, այդ թվում՝ առանձնազրույցներ ունեցել բնակիչների հետ, արել մասնագիտական դիտարկումներ, անհատական մոտեցմամբ դիմումների ու բողոքների ուսումնասիրություններ։

Պաշտպանն արձանագրել է՝ կրակոցները պարբերական են, արվում են ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերի, պարզ լսվում են գյուղերում ու առաջացնում անհանգստություն, առաջին հերթին՝ կանանց ու երեխաների համար: Նույն վիճակն է նաև Ծավ ու Ճակատեն գյուղերում։

Թաթոյանն ընդգծել է՝ 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի հետևանքով Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների «որոշման» գործընթացի պատճառով Կապանի նշված գյուղերի արոտավայրերը, մասնավոր ու համայնքապատկան վարելահողերը հայտնվել են ադրբեջանական զինված ուժերի նշանառության ներքո: Սա անհնար է դարձրել արոտավայրերից ու վարելահողերից օգտվելը։

«Այցի ընթացքում Շիկահող, Սրաշեն ու Ներքին Հանդ գյուղերի բնակիչներն ահազանգել են, որ կրակոցներ են արձակվել այն պահին, երբ իրենք գյուղատնտեսական աշխատանքներով զբաղված են եղել իրենց պատկանող հողերում՝ իհարկե, ցերեկային ժամերի: Մի շարք դեպքերում նրանք եղել են իրենց երեխաների (նաև թոռնիկների) հետ:Ընդ որում, կրակոցներ արձակած ադրբեջանցի զինվորականններն գտնվում են այնպիսի (անգամ 1կմ-ից քիչ) տարածության վրա, որ անզեն աչքով հայ գյուղացիների հողատարածքները դիտարկելի են: Այսինքն՝ նրանք պարզ դիտարկում են, որ հողատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացնում խաղաղ բնակիչները: Այս ամենն ուղիղ վտանգներ է ստեղծում երեխաների համար: Օրինակ՝ ադրբեջանցի զինվորականները գտնվում են Ներքին Հանդ գյուղի գործող դպրոցի անմիջական հարևանությամբ՝ 1 կմ-ից էլ քիչ հեռավորության վրա: Այս փաստերը հաստատվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումներով, համայնքային մարմինների ու բնակիչների ահազանգերով», - հայտնել է Թաթոյանը։

Պաշտպանի համոզմամբ, ադրբեջանական զինված ծառայողների (այդ թվում՝ ադրբեջանական դրոշների ու ցուցանակների) առկայությունը Կապան քաղաքից Ճակատեն ու Սյունիքի մարզի Կապան համայնքի այլ գյուղեր տանող ճանապարհին լրջորեն խաթարել է խաղաղ բնակիչների ու առաջին հերթին՝ գյուղացիների ազատ տեղաշարժն այդ ճանապարհով: Գյուղացիներն անգամ կենսական կարիքների համար (օրինակ՝ աշխատանքի կամ բժշկական հաստատություն մեկնելը կամ վերադարձը) ստիպված են ձեռնպահ մնալ երեկոյան ժամերին այդ ճանապարհով երթևեկելուց՝ իրենց ու իրենց ընտանիքների անվտանգության նկատառումներից ելնելով։

«Նկարագրվածը ևս մեկ անգամ հաստատում է, որ հայկական գյուղերի անմիջական հարևանությամբ կամ համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանցի զինված ծառայողների (նաև դրշոներ ու ցուցանակներ) առկայությունը կամ նրանց ցանկացած տեսակի տեղաշարժ, կոպտորեն ոտնահարում են բնակիչների սեփականության իրավունքը, այդ թվում՝ ապրուստի միջոց վաստակելու նրանց հնարավորությունը, լրջորեն վտանգում է նրանց կյանքի ու առողջության, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության և կենսական կարևորության մյուս իրավունքները, որոնք երաշխավորված են միջազգայնորեն ու ՀՀ Սահմանադրությամբ: Դա նաև խաթարում է մարդկանց, այդ թվում՝ երեխաների անվտանգությունն ու խաղաղ կյանքը: Այս ամենը տեղի է ունեցել Հայաստանի բնակչությանն ուղղված պատերազմի և ուժի ադրբեջանական սպառնալիքների ներքո մեխանիկական մոտեցումներ կիրառելու, անթույլատրելի արագ գործընթացի պատճառով՝ առանց հանձնաժողովային մասնագիտական աշխատանքների ու սահմանային բնակիչների իրավաչափ շահերը, նրանց միջազգայնորեն երաշխավորված իրավունքները, հետևաբար՝ իրավունքի գերակայության պահանջները հաշվի առնելու», - ասված է Պաշտպանի հայտարարությունում։

Թաթոյանը Սյունիք մարզում քննարկել է նաև սոցիալական հարցեր։ Այցի արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ընթանում են ամփոփման աշխատանքներ, որոնց առաջարկները կներկայացվեն պետական իրավասու մարմիններին, անհրաժեշտ դեպքերում կպահանջվեն պարզաբանումներ:

XS
SM
MD
LG