Մատչելիության հղումներ

Հանդիսատեսի դատին կհանձնվի Րաֆֆի Շարթի «Կապիր ինձ մահճակալին» պիեսը Կարո Բալյանի բեմադրությամբ


Ռեժիսոր Կարո Բալյանը հայտնի է իր բեմադրած ուշագրավ ներկայացումներով ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս: Եվ ահա այս երեկո Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում նա հանդիսատեսի դատին կհանձնի իր նոր բեմադրությունը՝ «Կապիր ինձ մահճակալին» խորագրի ներքո:

Կատակերգական այս պիեսի հեղինակը ֆրանսահայ հանրահայտ դրամատուրգ, սցենարիստ, ռեժիսոր Րաֆֆի Շարթն է: Բեմականացումն իրականացվել է հայ-ֆրանսիական «Մոդդ Իվենց» ընկերության պրոդյուսերական աշխատանքի շնորհիվ:

«Ազատություն» հետ զրույցում Կարո Բալյանն ասաց, որ ինքն է հավաքել թատերախումբը և ինքն էլ որոշել է, թե որ թատրոնում պիտի բեմադրվի ներկայացումը: Նախատեսված էր, որ պրեմիերային ներկա կգտնվի նաև պիեսի հեղինակը՝ Րաֆֆի Շարթը, բայց, ցավոք, համավարակի պատճառով նա չկարողացավ ժամանել Հայաստան․ - «Անտրեպրիզային ներկայացում մեկ գործողությամբ: Իրավիճակային կատակերգություն, որտեղ խաղում են շատ հայտնի դերասաններ՝ Լևոն Հարությունյան, Անդրանիկ Հարությունյան, Մխիթար Ավետիսյան, Լիա Զախարյան, Անի Պետրոսյանը, Արա Սարգսյան, Սաթենիկ Ղազարյան»։

Հարցին, թե ինչու է հենց այս պիեսը ընտրել, Բալյանը պատասխանեց․ - «Րաֆֆի Շարթը ինքն է արտահայտվել, որ երևի թե գերազանցել է ինքս ինձ, և իմ կարծիքով, սա իմ գրած ամենալավ գործն է։ Ուստի հեղինակային իրավունքը ձեռք է բերվել «Մոդդ Իվենց» ընկերության կողմից, առաջարկվեց ինձ բեմադրել։ Կարդալուց հետո և համաձայնության գալուց հետո կրճատումների և փոփոխությունների, Հայաստանի ադապտացիաների մասով, արդեն սկսեցինք աշխատանքը։ Բավական հետաքրքիր կոմեդիա է՝ իրավիճակային, սիրային։ Հանդիսատեսին ուղղակի կտրում է էս քաղաքական ու վերջին տարվա տխուր պատմություններից, սարսափելի պատմություններից։ Մեկ ու կես ժամ, կարող եմ ասել, անդադար ծիծաղ ու անհոգություն է սպասվում։ Գոնե մի փոքր կարողանանք շեղել իրականությունից»։

Բեմադրության պրեմիերան տեղի կունենա այսօր և վաղը, իսկ նրանք, ովքեր չեն հասցնի այս անգամ տոմսեր ձեռք բերել, ներկայացումը կարող են դիտել նաև մարտի 9-ին:

Առաջիկա տարվա ընթացքում Կարո Բալյանը նաև մի շարք այլ ներկայացումներ է բեմադրելու թե՛ արտերկրում, թե՛ Հայաստանում: Նա շեշտում էր, որ անգամ անցյալ տարի, համավարակի ծանր օրերին «Թթվածին» խորագրով վավերագրական բեմադրուն է իրականացրել հենց համավարակի մասին․ - «Դոկումենտալ ներկայացում էր։ Հարցազրույցներ էին վերցվել բժիշկներից, պացիենտներից։ Իրականացրեցինք այդ ծրագիրը, շատ հաջող անցավ։ Շեքսպիրյան փառատոնի կայքում տեղադրեցի ներկայացումը։ Պատերազմից հետո Թաթարստանում բեմադրեցի «Անսանձ կնոջ սանձահարումը» ներկայացումը, որ արդեն վաղուց էր պլանավորած ինձ մոտ։ Մինչ այս պրեմիերան, փետրվարի 11-ին Ռումինիայում հանձնեցի «Դեկամերոն» ներկայացումից հատված։ Հարյուր երկրներից հարյուր ռեժիսորներ էին հրավիրվել, առաջարկվել էր իրենց բեմադրել մի հատված։ Ինչպես գիտեք, հարյուր պատմություն ունի «Դեկամերոնը»։ Հայաստանից ներկայացրեցի ես, և փետրվարի 11-ին պրեմիերան տեղի ունեցավ։ Մարտի վերջից, ապրիլից սկսում եմ Օրենբուրգում «Ռոմեո և Ջուլիետ» բեմադրությունը։ Հուսով եմ, դա էլ պետք է որ լավ անցնի»։

Ռեժիսորը վստահ է, որ թատրոնը, թատերական արվեստն իսկապես կարող է ինչ-որ չափով սպեղանի դառնալ մեր հասարակության համար․ - «Ցանկացած պարագայում մշակույթը, և առանձնապես թատրոնը․․․ ինչ-որ չափով դարման է հանդիսանում մարդկանց համար՝ մեղմացնելու, մի փոքր կտրելու առօրյայից։ Պարտադիր չի կոմեդիան, թատրոնի առաքելությունը վերջին տարիներին ավելի շատ է իրեն զգացնել տվել Հայաստանի հանդիսատեսի մոտ, որը ինչ խոսք, ողջունելի է։ Կարծում եմ, կանդրադառնամ նաև պատերազմի թեմաներին, բայց մի փոքր ավելի ուշ, որովհետև հիմա մի քիչ ավելի տաք եմ, և էդ տաք լինելս կարող է խանգարի գործին ավելի սառնասիրտ նայելու առումով։ Իսկ բեմադրության ժամանակ մի փոքր սառնասրտություն է պետք, որին առայժմ պատրաստ չեմ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG