Մատչելիության հղումներ

ՏՄՊՊՀ-ը ներկայացրել է դեպի Ռուսաստան ավիատոմսերի գների բարձրացման պատճառները


Օդանավ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, արխիվ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ), հաշվի առնելով Հայաստանից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ թռիչքների ավիատոմսերի գների բարձրացումների մասին մամուլում առկա հրապարակումներն ու թեժ գծով ստացված բողոքները, սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություն է իրականացրել այդ ոլորտում:

Հանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ավիատոմսերի գների բարձրացումը, մի կողմից, պայմանավորված է օտարերկրյա խոշոր ավիափոխադրող ընկերությունների կողմից կիրառվող թվային ավտոմատացված համակարգերի տնտեսական գործոնների վերլուծման արդյունքներով, իսկ մյուս կողմից՝ զգալի բարձր պահանջարկով՝ պայմանավորված Հայաստանի ավիափոխադրող կազմակերպության՝ «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ի առավել էժան արժեք ունեցող ավիատոմսերի սպառմամբ։

«Մասնավորապես՝ ՀՀ ռեզիդենտ «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ 2021 թվականի փետրվարի 1-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Ռուսաստանի Դաշնության օդային սահմանները բացվելու կապակցությամբ այդ ուղղությամբ տոմսերի նկատմամբ պահանջարկը կտրուկ աճել է, որի հետևանքով տոմսերի իրացման էլեկտրոնային համակարգում առկա ցածր գներով տոմսերը, որոնք դասակարգված են ըստ աճման կարգի՝ սահմանափակ քանակով, մինչև փետրվարի 1-ը գրեթե ամբողջությամբ սպառվել են, և վաճառքում հասանելի են եղել միայն բիզնես կարգի ավիատոմսեր», - ասված է հաղորդագրությունում։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի ռեզիդենտ ընկերություններին, ապա նշվում է, որ նրանց գործունեության նկատմամբ վերահսկողությունը դուրս է հանձնաժողովի լիազորությունների շրջանակից և գտնվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի լիազորությունների ներքո:

«ԵՏՀ ուսումնասիրության շրջանակում արձանագրվել է, որ ավիաընկերությունների կողմից ավիատոմսերի սակագների ենթադասերի արդյունավետ կիրառման նպատակով օգտագործվում են եկամտաբերությունը կառավարող ծրագրային հավելվածներ: Ավիաընկերություններն ինքնուրույն են սահմանում սակագների խմբեր, որոնց շրջանակներում կարող են սահմանվել մի քանի ենթադասեր: Եկամտաբերության կառավարման ծրագրերը նախատեսում են ընտրված ուղղությամբ թռիչքների համար օդանավի նստատեղերի բաշխում՝ ըստ սակագնային դասերի, դրանց արժեքի սահմանում՝ կախված թռիչքի ուղղությունից և այլն: Բացի այդ, ավիափոխադրողների կողմից օգտագործվում են նաև ամրագրման, վաճառքի, նստատեղերի բաշխման, տոմսերի էլեկտրոնային գրանցման, ուղեբեռի գրանցման և այլ ծրագրեր: Նշված ծրագրերը աշխատում են փոխկապակցված կերպով և մեկից մյուսին փոխանցվում են անհրաժեշտ տվյալներ: Ընդ որում, հարկ է նշել, որ վերոգրյալ ծրագրերն ավտոմատացված են և գրեթե զուրկ մարդկային ազդեցության գործոններից», - մանրամասնում է Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։

XS
SM
MD
LG