Մատչելիության հղումներ

Անկախականները հաղթում են Կատալոնիայում կայացած ընտրություններում


Կիրակի օրը Կատալոնիայումկայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ քվեների ավելի քան 99 տոկոսի հաշվարկից հետո հաղթանակ են տոնում Իսպանիայից անջատման կողմնակիցները։

Ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, անկախական կուսակցություններին հաջողվել է ստանալ Կատալոնիայի երկրամասային խորհրդարանի մանդատների կեսից ավելին։

«Կատալոնիայի ձախ հանրապետականները» նոր գումարման խորհրդարանում 33 մանդատ կունենան, 32 պատգամավորից կազմված խմբակցություն կձևավորի ինքնավարության նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնի «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցությունը։

Կատալոնիայի՝ Իսպանիայից անջատմանը ընդդիմացող սոցիալիստները երեկ կայացած քվեարկության ընթացքում հարաբերական մեծամասնություն են ստացել՝ շուրջ 23 տոկոսը, ինչը նրանց հնարավորություն չի տա Կատալոնիայի խորհրդարանում մեծամասնություն ձևավորել։

Ընտրություններից առաջ անկախական կուսակցությունները հուշագիր էին ստորագրել՝ պարտավորվելով որևէ պարագայում կոալիցիա չկազմել սոցիալիստների հետ։ Անկախականների համոզմամբ, առաջիկա ամիսներին Բարսելոնան և Մադրիդը, ԵՄ աջակցությամբ, պետք է բանակցություններ սկսեն անկախության հանրաքվեի անցկացման շուրջ։

«Ես ցանկանում եմ ուղերձ հղել եվրոպացի պաշտոնայաներին։ Ընտրությունների արդյունքները շատ հստակ են։ Անկախության կողմնակից կուսակցությունները ստացել են քվեների 50 տոկոսից ավելին։ Կատալոնացի ժողովուրդը արտահայտել է իր մոտեցումը և եկել է ինքնորոշման հանրաքվեի շուրջ բանակցելու պահը», - ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո հայտարարում էր Կատալոնիայի ձախ հանրապետականների առաջնորդ Պերե Արագոնեսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG