Մատչելիության հղումներ

Covid-19-ի հետևանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը 251 հարցից բաղկացած հարցաշար է ուղարկել Կառավարություն


Հանձնաժողովի նախագահ, ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյան

Հանձնաժողովը փետրվարի 16-ին երկրորդ նիստը կգումարի։

Covid-19-ի հետևանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը երեկ կառավարությունն է ուղարկել 251 հարցից բաղկացած հարցաշար, այսօր Ազգային ժողովում` ճեպազրույցների ժամանակ տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ, ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը։

Խաչատրյանի փոխանցմամբ, 251 հարցը վերաբերում են համավարակի դեմ պայքարի ամենատարբեր փուլերին՝ սկսած դիահերձումից, թեստավորումից, մինչև ինքնամեկուսացում։

Հարցումներ են ուղարկվել նաև Հաշվեքննիչ պալատ, Պետական վերահսկողական ծառայություն, Կենտրոնական բանկ, Գլխավոր դատախազություն, ՄԻՊ։

Խաչատրյանը նշեց, որ առաջիկա երեքշաբթի՝ փետրվարի 16-ին, ժամը 11-ին տեղի կունենա Քննիչ հանձնաժողովի հերթական նիստը և կքննարկվեն հարցաշարարերի հետ կապված ընդհանուր տեղեկատվությունը, ինչպես նաև պաշտոնյաններին և այլ անձանց Քննիչ հանձնաժողով հրավիրելու սկզբունքները և մոտեցումները։

Հանձնաժողովը դեռ հուլիսին է ստեղծվել՝ ընդդիմադիր ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի նախաձեռնությամբ ու իրավունքի ուժով, բայց որպեսզի այն փաստացի սկսեր գործել, Ազգային ժողովը պետք է սահմաներ հանձնաժողովականների թիվը: 2020-ի սեպտեմբերի 16-ի նիստում ԱԺ-ն ընդունեց Հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշման նախագիծն, իսկ հանձնաժողովի կազմը հաստատվեց 2021-ի հունվարի12-ին։ Այն բաղկացած է12 հոգուց․ 8-ն իշխող «Իմ քայլից» են, իսկ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն երկուական ներկայացուցիչ ունեն։

Հանձնաժողովն ուսումնասիրում է նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունը:

XS
SM
MD
LG