Մատչելիության հղումներ

Covid-19 հետևանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը սկսում է իր գործունեությունը, հայտարարել է հանձնաժողովի նախագահը


Ազգային ժողովի նիստերից մեկը, արխիվ

Covid-19 հետևանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը ստանձնում է իր լիազորությունները և սկսում իր գործունեությունը, այսօր հայտարարել է հանձնաժողովի նախագահ, ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը։

Տարծած հայտարարությունում Խաչատրյանն ընդգծել է, որ Քննիչ հանձնաժողովի նպատակն է իր լիազորությունների և ունեցած գործիքակազմի շրջանակներում վերհանել ուսումնասիրության բոլոր ուղղություններով հանրությանը հուզող առկա խնդիրները, ուսումնասիրել դրանց լուծմանն ուղղված Կառավարության և պարետատան միջոցառումները և գնահատել դրանց արդյունավետությունը:

«Այս ամենի վերջնանպատակը պետք է լինի ապագայում նմանատիպ համավարակներին դիմակայելու, դրանք կանխարգելելու մեր երկրի առողջապահական համակարգի և առհասարակ որոշումների կայացման ինստիտուցիոնալ կարողությունների մածացումը», - ասել է հանձնաժողովի նախագահը։

Ընդգծելով, որ Քննիչ հանձնաժողովը սահմանափակ ռեսուրսներ և հնարավորություններ ունի՝ Խաչատրյանը հանրությանը համագործակցության կոչ է արել՝ հանձնաժողովի գործնեության արդյունավետության ապահովման նպատակով։

«Ես կոչով դիմում եմ մեր հանրությանը, հատկապես մասնագիտական և փորձագիտական շրջանակներին, ԶԼՄ- ներին՝ աջակցել Հանձնաժողովին՝ կիսվելով իրենց ուսումնասիրությունների և հետազոտությունների արդյունքներով, իրենց արձանագրած խնդիրներով, այն հարցերով, որոնք կցանկանան, որպեսզի ուղղվեն Կառավարությանը, որպեսզի հնարավորինս լույս սփռվի իրենց մտահոգող հարցերի վրա», - հայտարարել է հանձնաժողովի նախագահը՝ շարունակելով․ - «Բոլոր մեր այն գործընկերներին, ովքեր մտահոգություններ են հայտնում այս Քննիչ հանձնաժողովի գործունեության հնարավոր անարդյունավետության վերաբերյալ, կոչ եմ անում ընդգրկվել Հանձնաժողովի աշխատանքներում և սեփական օրինակով և արդյունավետ աշխատանքով ցույց տալ, թե ինչպիսին պետք է լինի Քննիչ հանձնաժողովի անդամը»։

Հանձնաժողովը դեռ հուլիսին է ստեղծվել՝ ընդդիմադիր ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի նախաձեռնությամբ ու իրավունքի ուժով, բայց որպեսզի այն փաստացի սկսեր գործել, Ազգային ժողովը պետք է սահմաներ հանձնաժողովականների թիվը: 2020-ի սեպտեմբերի 16-ի նիստում ԱԺ-ն ընդունեց Հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշման նախագիծն, իսկ հանձնաժողովի կազմը հաստատվեց 2021-ի հունվարի12-ին։ Այն բաղկացած է12 հոգուց․ 8-ն իշխող «Իմ քայլից» են, իսկ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն երկուական ներկայացուցիչ ունեն։

XS
SM
MD
LG