Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն բացահայտել է համայնքների ղեկավարների կողմից պատերազմի օրերին պաշտոնեական կեղծիքի, զորավարժանքներից խուսափելուն օժանդակելու դեպքեր


Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) պարզել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմով պայմանավորված՝ Հայաստանի կառավարության կողմից նույն օրը Հայաստանի ամբողջ տարածքում հայտարարված ռազմական դրության և ընդհանուր զորահավաք կազմակերպելու և իրականացնելու որոշման հիման վրա Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի տարածքային ստորաբաժանման կողմից 2020 թվականի հոկտեմբերին Արմավիրի մարզի Այգեշատ, Հայթաղ, Արագած, Ոսկեհատ և Մրգաստան համայնքներում հաշվառված վեց զորակոչիկների ուղարկվել են զորավարժանքի ներկայանալու վերաբերյալ համապատասխան ծանուցագրեր:

Ըստ ԱԱԾ հաղորդագրության, նշված համայնքների ղեկավարները, հանդիսանալով պաշտոնատար անձինք, լիազորված լինելով օրենքով սահմանված կարգով վարել համայնքի զինապարտների գրանցամատյանը, նրանց վերաբերյալ ցուցակները, անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով, կազմել և ՊՆ հիշյալ ստորաբաժանմանն են հանձնել իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, բովանդակությամբ կեղծ վեց պաշտոնական փաստաթղթեր այն մասին, թե իբր հիշյալ վեց անձինք բացակայել են Հայաստանից, որպիսի գործողություններով օժանդակել են ծանուցագրեր ստացած անձանց ռազմական դրության պայմաններում խուսափել զորավարժանքից՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում:

Պաշտոնեական կեղծիքի, ռազմական դրության պայմաններում զորավարժանքից խուսափելու և ռազմական դրության պայմաններում զորավարժանքից խուսափելուն օժանդակելու դեպքերի առթիվ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 327-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-327-րդ հոդվածի 3-րդ մասով

XS
SM
MD
LG