Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը խոստանում է մինչև տարեվերջ շահագործումից հանել Երևանի հին «Գազել»-ները


Քաղաքային իշխանությունները խոստանում են մինչև տարեվերջ շահագործումից հանել Երևանի բոլոր միկրոավտոբուսները՝ հին «Գազել»-ները։ Քաղաքապետարանը նաև ծրագրում է մի քանի հարյուր նոր ավտոբուս ձեռք բերել։

Մի քանի նոր միկրոավտոբուս, կրկին «Գազել» տեսակի, կարելի է հիմա էլ տեսնել Երևանի փողոցներում։ Դրանք սպասարկում են 26 համարի երթուղին։ Մինչ այդ մայրաքաղաքային երթուղիները հիմնականում սպասարկվում են հին «Գազել»-ներով։ Դրանց վարորդներն «Ազատության» հետ զրույցում անկեղծանում էին՝ նոր մեքենաներին սպասում են, բայց կցանկանային նաև աշխատանքին համարժեք վարձատրվել։

«Վարձատրվենք, որ մենքենային էլ սրտացավ լինենք, ժողովրդին էլ, սպասարկման պրոցեսին էլ։ Եթե տենց լինի, իհարկե լավ կլինի, բոլորն էլ շնորհակալ կլինեն։ Վարորդի տրամադրությունը տեղն եղավ, իմացավ, որ ամսվա վերջին մի 250 հազար գումար ա ստանալու ո՞նց նորմալ չի աշխատի, ո՞նց նորմալ չի շփվի ժողովրդի հետ», - ասաց վարորդներից մեկը։

20 համարի երթուղայինում աշխատող վարորդներից մեկի խոսքով էլ կարևոր է, որ ուղևորների համար էլ հարմար լինի։ Նույն համարի երթուղին սպասարկող մեկ այլ վարորդ մանրամասնեց՝ ամեն օր 8 ժամից ավելի աշխատելով օրական 5 հազար դրամ է վաստակում՝ նշելով, որ «Գազել»-ներով սպասարկվող երթուղիներում ուղևորափոխադրումից գոյացած գումարի զգալի մասը տալիս են գծի տերերին՝ օրական ավելի քան10 հազար դրամ։ Վարորդն ընդգծեց՝ մեքենաները հին են, եթե նորերում վճարային համակարգը քաղաքակիրթ լինի, վարելն էլ հանգիստ կլինի, ասաց, օրինակ, նոր «Գազել»-ներում մանրադրամը գցում են սարքի մեջ, վարորդներին գումար փոխանցելու կարիք չկա։

«Ավելի լավ ա, հանգիստ կլինի։ Ես՝ իմ գրաֆիկը, իմ ժամը», - ասաց վարորդը։

Մինչդեռ մեկ այլ երթուղին սպասարկող այսպես կոչված գծատերն ասաց՝ վարորդներին ֆիքսված աշխատավարձով աշխատելը ձեռք չի տա, նրանց օրավարձ է անհրաժեշտ։ Իսկ նրա աշխատակիցներից մեկն էլ հակառակն է ասում՝ եթե անգամ իրենց ներկայիս եկամուտի չափով ֆիքսված աշխատավարձ ստանան, ավելի լավ կլինի․ - «Սոված չենք մնում էդ ա, որ ասենք մաքուր եկամուտ շատ ա մնում, չէ, բայց դե որ սոված չենք մնում, էդ ա»։

Մեկ այլ գծտեր էլ ընդհանրապես արգելեց զրուցել իր աշխատողների հետ։

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է, որ նոր տրանսպորտային ցանցում, այսպես կոչված օրվա պլանը չլինի, վարորդները ֆիքսված աշխատավարձ ստանան գումարած բոնուսներ, հետևաբար ուղևորների որս չի լինի։

Հին «Գազել»-ներից օգտվող քաղաքացիներն էլ ասում են՝ դրանցով երթևեկելն այլևս անհնար է։ «Գազել»-ներից հնարավոր չի օգտվել, արդեն կոտրվել են, հին են», - ասաց «Ազատության» զրուցակիցներից մեկը։

XS
SM
MD
LG