Մատչելիության հղումներ

Բայդենի վարչակազմը փորձում է ուրվագծել Իրանի հետ հարաբերություններում հետագա քայլերի շրջանակը. Reuters


Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը ներկայացնում է երկրի արտաքին քաղաքականության գերեկա ուղղությունները։ Սպիտակ տուն, 4-ը փետրվարի, 2021

«Ամերիկյան նոր վարչակազմը առայժմ փորձում է Իրանի միջուկային ծրագրի հարցում հստակ քաղաքականություն մշակել», - գրում է Reuters-ը՝ դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով։

Գործակալության պնդմամբ, այս պահին Սպիտակ տունն ու Պետդեպարտամենտը մի շարք տարբերակներ են քննարկում՝ չկարողանալով կանգ առնել դրանցից որևէ մեկի վրա։

Ամենահավանական տարբերակը, ըստ գործակալության, այսպես կոչված «փոքր քայլերի քաղաքականությունն է»։

«Դրա իմաստը այն է, որ կողմերից ոչ մեկը ամբողջությամբ չի վերադառնա 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի դրույթների կատարմանը` միաժամանակ փոքր զիջումների գնալով և ժամանակ շահելով», - Reuters-ին են փոխանցել խնդրին ծանոթ միանգամից երեք դիվանագիտական աղբյուրներ։

Ամերիկյան դիվանագիտական աղբյուրների պնդմամբ, նման միջանկյալ լուծումը մի կողմից հնարավորություն կտա կանխել Թեհրանի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների սրընթաց վատթարացումը, որը սկիզբ առավ 2018 թվականին, երբ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն լքեց Իրանի հետ կնքված բազմակողմ համաձայնագիրը։

Մյուս կողմից, ըստ Reuters-ի, «փոքր քայլերի քաղաքականությունը» կարող է ստիպել Իրանին դադարեցնել ուրանի հարստացմանն ուղղված գործողությունները՝ փոխարենը որոշակի զիջումներ կորզելով Վաշինգտոնից։

Խոսքը մասնավորաբար Իրանի դեմ գործող խստագույն տնտեսական սահմանափակումների որոշակի մեղմացման մասին է, ինչը սակայն, ըստ դիվանագետներին, շատ հեռու կլինի պատժամիջոցների վերջնական վերացումից։

Reuters-ի աղբյուրները պնդում են, որ զիջումների թվում կարող է լինել Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) կողմից Իրանին տրամադրվելիք վարկը, մի գաղափար, որին Թրամփի վարչակազմը տարիներ շարունակ կտրականապես ընդդիմանում էր՝ պնդելով, որ դա ոչնչով չարդարացված միակողմանի զիջում կլինի։

Զիջումների թվում կարող է լինել նաև Իրանի համար միջազգային շուկայում մարդասիրական նշանակության ապրանքներ ձեռք բերելու սահմանափակումների մեղմացումը, ինչպես նաև այդ երկրի հետ առևտրի հատուկ մեխանիզմի ստեղծման եվրոպական առաջարկին չընդդիմանալը։

Այս վերջին տարբերակը խնդրին քաջածանոթ արևմտյան դիվանագետներից մեկն անվանել է «խելամիտ և իրատեսական»՝ չբացառելով նաև Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Իրանին վարկի տրամադրման հավանականությունը։

Նշեմ սակայն, որ այս պահին Սպիտակ տանից հնչող տեսակետը հիմնականում նույնն է՝ «գնդակը Իրանի դաշտում է», և իրադարձությունների հետագա զարգացումը կախված է բացառապես պաշտոնական Թեհրանից։ Նախօրեին այս տեսակետը ևս մեկ անգամ վերահաստատեց Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին։

«Կարծում եմ, որ նախագահի, ազգային անվտանգության խնդիրներով զբաղվող մեր թիմի մոտեցումը հետևյալն է՝ Իրանից է կախված կվերադառնա այն միջուկային համաձայնագրի դրույթների և դրանցով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարմանը, թե ոչ։ Այդ դեպքում արդեն մենք կարող ենք առաջ շարժվել մեր քննարկումներում», - հայտարարել է Փսակին։

Թեհրանում սակայն տրամագծորեն հակառակ տեսակետը ունեն։ Իրանի իշխանությունները պնդում են, որ միջուկային համաձայնագրից առաջինը հրաժարվել է Վաշինգտոնը, և հենց ամերիկյան իշխանություններն են, որ պետք է առաջին քայլը կատարեն։

«Եթե նրանք ցանկանում են, որպեսզի Իրանը շարունակի կատարել համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, ապա Միացյալ Նահանգները պետք է ամբողջությամբ վերացնի մեր երկրի դեմ սահմանված պատժամիջոցները։ Եվ դա պետք է իրական գործողությունների, այլ ոչ թե զուտ խոստումների կամ թղթի մի կտորի մակարդակի գործողություն լինի։ Նրանք պարտավոր են վերացնել պատժամիջոցները, և երբ մենք տեսնենք ու զգանք, որ այդ ամենը իրոք ճշգրտորեն կատարվել է, այդ դեպքում կվերադառնանք միջուկային համաձայնագրի դրույթների կատարմանը», - կիրակի օրը երկրի բարձրագույն սպայակազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։

Արևմտյան աղբյուրները Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների ամբողջական վերացման հնարավորությունը քիչ հավանական են համարում՝ չնայած այն հանգամանքին, որ այդ տարբերակը ևս չի բացառվում։

«Այս պահին Սպիտակ տանը լուրջ քննարկումներ են ընթանում, և շրջանառության մեջ գտնվող տարբերակներից մեկը ուղղակի վերադարձն է 2015-ին կնքված համաձայնագրի կատարմանը», - Reuters-ին փոխանցել է քննարկումներին ծանոթ աղբյուրներից մեկը։

Գործակալությունը սակայն ենթադրում է, որ Բայդենի վարչակազմի նման քայլը լուրջ քննադատության կարժանանա հատկապես հանրապետական կոնգրեսականների կողմից, որոնք համոզված են, որ Թեհրանի հանդեպ Թրամփի որդեգրած քաղաքականությունը Վաշինգտոնին Իրանի դեմ ճնշումների հավելյալ լծակներ է տրամադրել։

Reuters-ի փոխանցմամբ սակայն, այս պահին դիվանագիտական շրջանակներում առկա գլխավոր մտավախությունները վերաբերում են ժամանակի սղությանը։ Փետրվարի 21-ին ուժի մեջ է մտնում Իրանի խորհրդարանի կողմից ընդունված որոշում, որով ՄԱԿ-ի կազմում գործող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԵ-ի փորձագետները զրկվում են Իրանի տարածքում ազատորեն տեսչական այցեր իրականացնելու իրավունքից։

Եվրոպացի երեք դիվանագետներ, ովքեր զրուցել են Reuters-ի հետ, գրեթե նույն բառերով են նկարագրել ստեղծված կացությունը՝ «հնարավորությունների պատուհանը փակվում է»։

«Սա անհապաղ լուծման կարոտ խնդիր է։ Եթե այսօր մենք չօգտվենք հնարավորությունների այդ պատուհանից, դժվար է պատկերացնել, որ առարկայական բանակցություններ կարող են մեկնարկել մինչև աշուն», - նշել է եվրոպացի դիվանագետներից մեկը։

Արևմտյան աղբյուրները հիշեցնում են, որ հունիսին Իրանում նախագահական ընտրություններ են կայանալու, որոնց ընթացքում հաղթելու ամենամեծ շանսեր ունեն Վաշինգտոնի հանդեպ կոշտ քաղաքականության որդեգրած ուժերը։

XS
SM
MD
LG