Մատչելիության հղումներ

«Կարողացել ենք պահպանել մակրոտնտեսական կայունությունը»․ վարչապետը Էկոնոմիկայի նախարարությունում խորհրդակցություն է անցկացրել


Կորոնավիրուսին ավելացած պատերազմի ամենամեծ մարտահրավերը մակրոտնտեսական փլուզումն էր, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ այսօր խորհրդակցություն է անցկացրել Էկոնոմիկայի նախարարությունում:

Վարչապետն արձանագրել է՝ կարողացել են պահպանել մակրոտնտեսական կայունությունը, որի միջազգային ճանաչումը եվրոպարտատոմսերի աճող թողարկումն էր:

«Ամենատեսանելի և շոշափելի գնահատականն ինստիտուցիոնալ ներդրողների մոտեցումն է, երբ երկրին, կառավարությանը վստահում են իրենց ներդրումները: Ի վերջո, սա վստահության կարևոր ցուցիչ է: Այս թողարկումը հաջողվեց իրականացնել Հայաստանի պատմության համար ամենացածր տոկոսադրույքով: Սա նշանակում է, որ ինստիտուցիոնալ ներդրողները հավատում են Հայաստանի առաջին հերթին տնտեսական, հասկանալիորեն նաև քաղաքական ապագային», - գրել է վարչապետը։

Օրերս Կառավարությունը 750 միլիոն դոլարի պարտատոմսեր՝ եվրաբոնդեր է թողարկել միջազգային ֆինանսական շուկայում՝ Հայաստանի համար աննախադեպ ցածր՝ 3,8 տոկոս տոկոսադրույքով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պարտատոմսերի այս թողարկումը արտահերթ չէր, նախատեսված է 2021 թվականի պետական բյուջեով, որպես պետբյուջեի դեֆիցիտը՝ պակասուրդը ֆինանսավորելու գործիք։

2020 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ, Հայաստանի պետական պարտքը կազմում էր 7 միլիարդ 968,5 միլիոն դոլար, կամ մեկ տարվա ընթացքում այդ պարտքը ավելացել է 647,2 միլիոն դոլարով։ Նույն 2021 թվականի պետական բյուջեի կանխատեսմամբ, այս տարվա վերջին Հայաստանի պետական պարտքը կկազմի 9 միլիարդ 35 միլիոն դոլար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG