Մատչելիության հղումներ

«Մենք որևէ մրցակցությունից չենք վախենում», Սուրեն Պապիկյանն արձագանքում է Քոչարյանի հայտարարությանը


Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը վստահեցնում է` հանրությունը շատ շուտով կզգա պետության համար կարևոր փոփոխություններ:

Արտահերթ ընտրություններ չանցկացնելու վերաբերյալ էլ իշխող կուսակցության վարչության ղեկավարը շեշտում է` ընդդիմադիր ուժերի կողմից դրական արձագանք չի եղել, հանրության շրջանում էլ չկա այդպիսի պահանջ:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

«Միակ պահանջը հանրությունից, որ ստացել ենք` անել այն, ինչ չենք արել 2.5 տարվա ընթացքում»

Խորհրդարանական ընդդիմությունը` ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն, ինչպես նաև արտախորհրդարանական ընդդիմությունը կարծում են, որ իշխանության կողմից արտահերթ ընտրությունների չգնալը դրդելու է հասարակությանը հակասահմանադրական գործողությունների: Մասնավորապես սա Էդմոն Մարուքյանի կարծիքն է: ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարել է, որ արտահերթ ընտրությունների օրակարգն ի սկզբանե կեղծ էր, իսկ «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը պնդում է` Փաշինյանը կառչած է իր աթոռից:

Սուրեն Պապիկյանն այս քննադատությունների մասին ասում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Նիկոլ Փաշինյանի օրակարգում երբեք չի եղել վերարտադրվելու օրակարգ, դա մեր էությանը չի համապատասխանում, գուցե բխում է նշյալ քաղաքական ուժերից մեկի օրակարգից, կամ իրենք ունեն նման անցյալ, մենք չունենք նմանատիպ անցյալ և ցանկություն չունենք լինել այդպիսին, որովհետև ՀՀ քաղաքացու տված մանդատն է մեզ համար օրինական:

Ինչ վերաբերում է մյուս գործըկերներին, անկեղծ չեմ լսել, թե ինչ է ասել Նաիրա Զոհրաբյանը, սակայն հետևել եմ նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության այլ գործընկերների արձագանքին, որտեղ լսել եմ ադեկվատ պատասխան, առ այն, որ իրենք երբեք էլ չեն պահանջել արտահերթ ընտրություններ, այսինքն՝ նրանք, ըստ էության, չեն թաքցնում իրական օրակարգը։

Այ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը երեկվանից տարածում է ինչ-որ տեսանյութ, որտեղ Էդմոն Մարուքյանն ասում է՝ «դե, ցրեք խորհրդարանը գնանք ընտրությունների», բայց նաև մոռանում են տարածել այն տեսանյութերը, որտեղ իրենք խոսում են այն մասին, որ «գիտեք, մենք առաջադրելու ենք վարչապետի թեկնածու» և այլն։ Այսինքն՝ երկրում գնալու ենք ոչ թե կայունություն հաստատելու ճանապարհով, այլ ամեն կերպ փորձելու ենք ապակայունացնել, այդ թվում՝ նաև վարչապետի թեկնածու առաջադրվել, հավանաբար նաև վերնագրեր ունենալ, որ Պողոս Պողոսյանը՝ վարչապետի թեկնածու։ Չգիտեմ` ինչից ելնելով է պարոն Մարուքյանը կարծում, որ այս երկրում այլ ճանապարհ չկա, և այլևս երրորդ ճանապարհը հակասահմանադրական ճանապարհն է, հուսով եմ` «Լուսավոր Հայաստանն» այդպիսի օրակարգ չունի, որովհետև դա մեր երկրի լավ օրվա մասին չէ:

«Քաղաքացիական պայմանագիրը», մեր կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի վերջին խոսել է արտահերթ ընտրությունների ճանապարհով հանրային համերաշխության գնալու ուղու մասին, մեր գործընկերները դրան չեն արձագանքել կամ արձագանքել են ոչ դրական պատասխանով»:

Դիտարկմանը, որ քաղաքական ուժերն ասել են` պատրաստ են ընտրությունների գնալ, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի ղեկավարման օրոք, Պապիկյանն արձագանքեց. «Դե դա իրենց ընտրությունն է, մեր ընտրությունն այդպիսին չէ, և մենք հանրային արձագանք այդպիսին չենք ստացել, ընդհակառակը ստացել ենք` հրաժարական չտաք, և միակ պահանջը հանրությունից, որ ստացել ենք` անել այն, ինչ չենք արել 2.5 տարվա ընթացքում»:

Ինչպե՞ս են որոշել, որ արտահերթ ընտրության պահանջ չկա

Հարցին` ինչպե՞ս եք որոշել, որ լայն հանրությունը հատկապես պատերազմից հետո չի ուզում արտահերթ ընտրություն, շատերը նշում են, որ հրապարակը լեփ-լեցուն էր, Փաշինյանի հրաժարականը պահանջում էին, որտե՞ղ եք հարցումներ արել, ՔՊ վարչության նախագահը պատասխանեց. «Առաջին հերթին այդ հրապարակի «լեփ-լեցունությունը» խոսում է դրա մասին, երկրորդը` մենք մի քանի անգամ առիթ ունեցել ենք, անձամբ ես վարչապետի հետ մի քանի անգամ եղել եմ մարզերում, մեր գործընկերները տարբեր հատվածներում մեր երկրի հանդիպում են մեր քաղաքացիների հետ, ընդհանրապես ոչ ֆեյքային, իրական հասարակությունն այլ օրակարգ ունի, սպասումներ ունի իշխանությունից, կայունության սպասումներ ունի»:

Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ վերադառնում է քաղաքականություն, մասնակցելու է ընտրությունների անգամ Փաշինյանի ղեկավարման օրոք և հաղթելու է:

Խոսելով պնդումներից, որ իշխանությունները լուրջ մրցակից են տեսել` ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, և այդ պատճառով են որոշել չգնալ արտահերթ ընտրությունների, Պապիկյանը շեշտեց. «Մենք որևէ մրցակցությունից չենք վախենում, ու ինձ համար պարզ չէ՝ երբ Ռոբերտ Քոչարյանը խոսում էր ընտրությանը մասնակցելու մասին, ո՞ր քաղաքական ուժի միջոցով կամ ո՞ր քաղաքական ուժով պիտի մասնակցեր, ո՞րն է իր թիմը, 16-ը, 17-ը, ես չգիտեմ, ինձ համար դեռ պարզ չէ ու կարծում եմ, որ հանրության համար էլ դեռ պարզ չէ»:

Առաջիկայում հանրությունը կտեսնի կարևոր փոփոխություններ

Մի քանի օգտատերեր հարցնում են` ընդունում է, որ այս երկու տարիների ընթացքում իշխանություններից հիասթափվել են շատերը, նաև նրանք, ովքեր իշխանությանն են ձայն տվել: «Չենք բացառում, որ ունեցել ենք ու ունենք թերացումներ, չեմ կարող բացառել, նորմալ էլ չի լինի` եթե չունենանք մարդիկ, ովքեր հիասթափվել են մեզնից, ու դա բնականոն պրոցես է, մի մասը կսկսի հավատալ, մի մասը կարող է ինչ-ինչ սպասելիքներ ունենալ, ու մենք չկարողանանք արդարացնել այդ մարդկանց հույսերը», - ասաց նախարարը: Պապիկյանի խոսքով` իրենց նպատակը դրված խնդիրները լուծելն է, փոփոխություններ ու քայլեր են կատարում այս ուղղությամբ, և հասարակությունն առաջիկայում կտեսնի պետության շահերից բխող փոփոխությունները:

Ինչ վերաբերում է մեկ այլ հարցի, թե մարդիկ իրենց անվտանգ չեն զգում, արտագաղթի մասին են մտածում, չե՞ն պատրաստվում հրաժարական տալ, Պապիկյանն արձագանքեց. «Երբ խոսում ենք արտահերթ ընտրություններից, դրա անհրաժեշտությունից, նաև բոլոր քաղաքական ուժերի լեգիտիմության աստիճանը որոշելուց, բոլորը մերժում են, երբ խոսվում է այդ քայլից ետ կանգնելու մասին… բնականաբար, մենք պիտի գնանք մեր երկրի առաջնահերությունն ու շահը հաշվի առնելով. այս պահին մեր երկրին անհրաժեշտ է կայունություն` պետք է մարդկանց համար վերականգնել անվտանգությունն ու վստահությունը, մենք լծված ենք այդ գործին»:

Ե՞րբ է շահագործվելու Կապանի օդանավակայանը

Հարց էր հնչել նաև, թե երբ է շահագործվելու Կապանի օդանավակայանը, որը գտնվում է ադրբեջանական կողմի դիտակետի ներքո: Սուրեն Պապիկյանն ասաց, որ այս պահին գործում է միջգերատեսչական հանձնաժողով, որը զբաղվում է` հասկանալու, թե ինչ ժամկետներում և ինչ ձևով պետք է անվտանգ իրականացվի օդանավակայանի շահագործումը

Իշխող կուսակցության ներկայացուցիչը նաև հայտարարեց. «Իհարկե, կապրեմ թե Արցախում, թե Սյունիքում, ես չեմ խորշում դրանից, հասկանում եմ նաև, թե ինչ մարտահրավերներ կան, բայց ամեն կերպ դա կապել մեր իշխանության հետ ես համաձայն չեմ, այո, այն, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել մեր օրոք, բայց խնդրին ու խնդրի տրամաբանական շարունակությանն ու այսօրվա իրողությանը պետք է նայել երկարաժամկետ ու պատճառահետևանքային կապերով»:

Ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում.

XS
SM
MD
LG