Մատչելիության հղումներ

«Արտահերթ ընտրություններին մասնակցելու ենք եւ կրելու ենք». Ռոբերտ Քոչարյան


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան

Եթե իշխանությունը գնա արտահերթ ընտրությունների, ընտրապայքարի մեջ կմտնի նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Քոչարյանն իր որոշման մասին երեկ հայտարարել է մի քանի լրատվամիջոցի հետ հարցազրույցում․ - «Եթե այս մարդիկ չեն հասկանում, որ այս պայմաններում ընտրությունները վտանգավոր են երկրի համար և այնուամենայնի գնան այդ քայլին, ընտրություններում իրենց մենակ թողնելը հանրության հետ ուղղակի չեմ կարծում, որ ճիշտ է։ Դրա համար այո՛, մասնակցելու ենք և կրելու ենք»։

Ռոբերտ Քոչարյանը շեշտել է, որ այս փուլում ընտրությունները վտանգավոր են, ընտրությունները ճիշտ կլինեին երկրում իրավիճակը կայունացնելուց հետո։ Բայց եթե իշխանությանը հաջողվի ավելի վաղ պարտադրել ընտրություններ, մասնակցելը միանշանակ ճիշտ է․ - «Եթե իշխանությանը հաջողվի պարտադրել ընտրություններ ավելի արագ, իսկ իրենք ոնց որ այդ ձայները ունեն խորհրդարանում, ապա ևս չեմ կարծում, որ ճիշտը չմասնակցելն է։ Կարծում եմ, մասնակցելը ճիշտ է։ Հակառակ դեպքում մենք հնարավորություն կտանք այս մարդկանց վերահաստատել իրենց իշխանությունը։

Քաղաքական պայքարի համար անհրաժեշտ թիմը կա, ասել է Քոչարյանը։ Բայց փակագծեր չի բացել, թե ովքեր են թիմակիցները, որ ուժերի հետ է պայքարելու իշխանության համար և արդյոք ինքն է գլխավորելու թիմը, որպես վարչապետի թեկնածու․ - «Եթե լինեն ընտրություններ, նայած ինչ ֆորմատով, ունենք քաղաքական պայքարի համար անհրաժեշտ ամբողջ գործիքակազմը, կա նաև թիմ»։

Արտահերթ ընտրություններին մասնակցելու Քոչարյանի հայտարարությունն ուշագրավ է այն առումով, որ նա աջակցում է Փաշինյանի վարչապետությամբ ընտրություններն անթույլատրելի համարող Հայրենիքի փրկության շարժմանը։ Իսկ այս շարժման օրակարգով Փաշինյանը պետք է հրաժարական տա, Ազգային ժողովը Վազգեն Մանուկյանին ընտրի ժամանակավոր վարչապետ, և արտահերթ ընտրություններն անցկացվեն մեկ տարի անց։ Մինչև այս պահը շարժմանն անդամակցող ու սատարող ուժերը, հայտարարել են, որ իշխանության արտահերթ ընտրությունների օրակարգը մերժում են։

Ի՞նչ է փոխվել։ Շարժման օրակարգն ու վարչապետի թեկնածուի՞ն են վերանայում, թե՞ Քոչարյանն է առանձին գործընթաց սկսել։ Քոչարյանն այս հարցին չի անդրադարձել, խոստովանել է, որ Փաշինյանին հեռացնելու հարցում շարժումը չհաջողեց, բայց այդ պայքարի արդյունքում է իշխանությունը որոշել գնալ արտահերթ ընտրությունների․ - «Այս գործընթացի առաջին հաջողությունը նա է, որ իշխանությունը սկսեց խոսել արտահերթ ընտրությունների մասին»։

Արտահերթ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարց Հայրենիքի փրկության շարժումը չի քննարկում։ Օրակարգը չի փոխվել, գլխավոր պատասխանատուն պետք է հեռանա, ասում է շարժման համակարգող, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը։ Այդուհանդերձ, եթե Փաշինյանին հաջողվի արտահերթ ընտրություններ

Հարցին՝ եթե այդուհանդերձ Փաշինյանին հաջողվի արտահերթ ընտրություններ նշանակել, կմասնակցե՞ն, Սաղաթելյանն արձագանքեց․ - «Երեկ չէ առաջի օրը կայացած խորհրդի նիստում այդ հարցին անդրադարձել ենք։ Որ անիմաստ ա քննարկել ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու հարցը։ Որովհետև մենք ունենք մեր ներկայացրած օրակարգը և ճանապարհային քարտեզը։ Ընդհանրապես որևէ մեկը, սա շատ կարևոր է, որ Նիկոլ Փաշինյանը ամեն անգամ մանիպուլացնում է, դեմ չէ արտահերթ ընտրություններին։ Արտահերթ ընտրությունների հասնելու համար մենք ունենք մեր ճանապարհային քարտեզը»։

Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է, թե իրենց շարժման շարքերում հակասություններ չկան, թեկնածուն շարունակում է մնալ Վազգեն Մանուկյանը։ Եվ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը չի հակասում իրենց օրակարգին․ - «Ռոբերտ Քոչարյանը չի ասել՝ էկեք պայքարը դադարեցնենք և գնանք ընտրությունների մասնակցենք։ Ասել ա՝ եթե ամեն դեպքում քաղաքական մեծամասնությունը տանի ընտրությունների, կարծում է, որ պետք է մասնակցել այդ ընտրություններին։ Սա Ռոբերտ Քոչարյանի կարծիքն է, ու շատ բնական, ընկալելի, որևէ խնդիր չկա։ Նիկոլի բերած օրակարգը, որ ովքեր են կողմ ընտրությունների, ովքեր՝ ոչ, սա չի մեր խնդիրը»։

Իշխանության դեմ փողոց դուրս եկած շարժմանն աջակցող Ռոբերտ Քոչարյանը հաշտվել է արտահերթ ընտրությունների մտքի հետ, քանի որ փողոցում չարժանացան ժողովրդի աջակցությանը։ Քոչարյանի հայտարարությանն այսպես է արձագանքում իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ Նրա խոսքով, ընտրությունները մասնակցելը դեռ չի նշանակում, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Քոչարյանը հաղթելու է, ժողովուրդը դեռ չի մոռացել․ - «Մեր ժողովուրդը տեսել է արեն Քոչարյանի տասը տարվա իշխանությունը, տեսել է ինչպիսի սպանություններ, այդ թվում քաղաքական սպանություններ են տեղի ունեցել Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք, և վերջում՝ հեռանալիս տեղի ունեցած Մարտի 1-ը»։

Փաշինյանի իշխանության օրոք էլ պատերազմ եղավ՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով, և մի շարք քաղաքական ուժեր պնդում են, որ հենց նրա դիվանագիտական ձախողումներն են հանգեցրել պատերազմին՝ իր բոլոր հետւանքներով։ Փաշինյանն ավելի՞ շահեկան դիրքերում է։ Քոչարյանը հաղթելու շանս չունի, Փաշինյանն ունի՞։

Այս հարցադրումներին Հրաչյա Հակոբյանը պատասխանեց․ - «Որ իշխանությունն էլ, որ ուժն է լիներ, միևնույն է, այս պատերազմը տեղի էր ունենալու, և այս պատերազմում մենք պարտվելու էինք։ Էնպես որ, իրենց այ շահարկումներին կարող եմ էդպես հակադարձել, որովհետև այդ իրենց և իրենց նախորդների թողած պետության պատճառով էր, որ մենք պարտվեցինք այս պատերազմը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG