Մատչելիության հղումներ

Կիպրոսցի թուրքերը բացառում են կղզու վերամիավորման հեռանկարը


Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության ղեկավար Էրսին Թաթարը, արխիվ

Կիպրոսի «վերամիավորումը իրատեսական չէ», մի շարք թուրքական լրատվամիջոցներին տված հեռավար հարցազրույցում նախօրեին այդ մասին հայտարարեց 1984 թվականին հռչակված և միայն Անկարայի կողմից ճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության ղեկավար Էրսին Թաթարը։

Ինքնահռչակ հանրապետության ղեկավարը պնդում է, որ Կիպրոսի խնդրի կարգավորման այն տարբերակները, որոնք շրջանառության մեջ են եղել վերջին մեկուկես-երկու տասնամյակներին, այլևս հրատապ չեն։

«Կիպրոսի տարածքում այժմ երկու առանձին պետություն գոյություն ունի։ Դա է պատճառը, որ Կիպրոսի երկու հատվածներից կազմված դաշնության ստեղծումը իրատեսական չէ։ Երկարաժամկետ հեռանկարում կարգավորման դաշնային տարբերակը կայունություն չի կարող ապահովել։ Եթե մեր ցանկությունն իրոք խաղաղության հաստատումն է, ապա պետք է այնպիսի մոտեցում լինի, որի արդյունքում կշահեն հակամարտության բոլոր կողմերը», - հայտարարում էր Կիպրոսի թուրքական հատվածի ղեկավարը։

Էրսին Թաթարի այս հայտարարությունը հնչեց Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբի՝ Կիպրոս կատարած այցից մի քանի օր անց։ Բրիտանական դիվանագիտության ղեկավարը կղզու երկու հատվածների ղեկավարների հետ քննարկում էր մարտի սկզբին ՄԱԿ-ի հովանու ներքո նախատեսված եռօրյա բանակցությունների կազմակերպման հարցը։ Արևմտյան աղբյուրների փոխանցմամբ` այդ բանակցությունները ընթանալու են 5+1 ձևաչափում։ Միավորված Ազգերի Կազմակերպության և Կիպրոսի հունական ու թուրքական հատվածների ներկայացուցիչներից բացի, դրանց մասնակցելու են նաև կղզու անկախության երաշխավորը համարվող երեք պետությունները՝ Մեծ Բրիտանիան, Հունաստանն ու Թուրքիան։

«Կարծում եմ, որ կարգավորման հասնելուն ուղղված [ևս մեկ] փորձի տապալումը որևէ մեկի շահերից չի բխի, հատկապես եթե հաշվի առնենք, թե այդ ուղղությամբ [նախկինում] ինչպիսի ջանքեր են գործադրվել։ Այդ իսկ պատճառով ես կոչ եմ անում բոլոր կողմերին, որպեսզի առաջիկա բանակցությունների ընթացքում նրանք ճկունություն և փոխզիջումների գնալու կամք ցուցաբերեն», - հայտարարում էր Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը։

Վերջին անգամ Կիպրոսի խնդրի կարգավորմանն ուղղված 5+1 ֆորմատի բանակցությունները անցկացվել էին 2015-17 թվականներին։ Դրանք տապալվեցին այն բանից հետո, երբ Կիպրոսի թուրքական հատվածի այն ժամանակվա ղեկավար Մուստաֆա Աքինջին հունական կողմին մեղադրեց «առավելապաշտական պահանջներ» ներկայացնելու մեջ։

2017-ի ամռանը` բանակցությունների տապալումից հետո, մամուլում որոշ տեղեկություններ հայտնվեցին, որոնք պատկերացում էին ստեղծում կարգավորման այն փաթեթի վերաբերյալ, որի շուրջ ընթանում էին դռնփակ խորհրդակցությունները։ Տեղեկատվական այդ արտահոսքերի համաձայն` Կիպրոսը պետք է վերածվեր դաշնային պետության, որում հունական և թուրքական հատվածները հավասար իրավունքներ կունենային։ Միավորված կղզու խորհրդարանի վերին պալատում՝ Սենատում, ինչպես նաև Գերագույն դատարանում հույներն ու թուրքերը հավասար թվով ներկայացուցիչներ էին ունենալու։ Բացի այդ, Հյուսիսային Կիպրոսի բոլոր քաղաքացիները, այդ թվում` Թուրքիայի տարածքից կղզի վերաբնակեցվածները Կիպրոսի Հանրապետության, համապատասխանաբար նաև Եվրամիության քաղաքացիություն էին ստանալու։

Թե հատկապես ինչ առաջարկներ են բանակցությունների սեղանին դրվելու այս անգամ, ոչ թուրքական և ոչ էլ հունական աղբյուրները առայժմ չեն հստակեցնում։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը, սակայն, հույս ունի, որ կողմերը դրանք միանգամից չեն մերժի, իսկ որպես բանակցությունների հիմք ընդունելու դեպքում Կիպրոսի խնդրի կարգավորումը կարող է առաջ շարժվել մեռյալ կետից։

«Մենք ցանկանում ենք այս վեճի մնայուն, հարատև լուծման ականատեսը դառնալ։ Մենք ցանկանում ենք, որ հակամարտության բոլոր կողմերն ի վերջո օգտվեն 5+1 ձևաչափի ընձեռած հնարավորություններից՝ կղզում բնակվող երեխաներին ու երիտասարդներին տարիների կտրվածքով հնարավոր ամենալուսավոր ապագան շնորհելով», - հայտարարում էր բրիտանական դիվանագիտության ղեկավարը։

Կղզու թուրքական հատվածում, սակայն, առայժմ այս կոչերին հետևելու պատրաստակամություն չեն ցուցաբերում։ Խոսքն ամենալուրջ վեճերի առիթ տվող հարցի՝ կղզում տեղակայված թուրքական բանակային ստորաբաժանումների դուրսբերման մասին է։

«Որևէ մեկը չի կարող անգամ փորձել, որպեսզի Թուրքիան հեռանա այստեղից։ Թուրքական բանակը Կիպրոսում խաղաղություն է ապահովում», - հայտարարում է կղզու թուրքական հատվածի ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG