Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական սահմանին գտնվող Հայկաձորի բնակիչները խնդիրների են բախվում


Հայ - թուրքական սահմանը Հայկաձորի մոտ, փետրվար, 2021թ․
Հայ - թուրքական սահմանը Հայկաձորի մոտ, փետրվար, 2021թ․

Հայ-թուրքական սահմանին գտնվող Հայկաձոր գյուղի բնակիչները տևական ժամանակ է խնդիրների են բախվում իրենց վարելահողերը մշակելու հարցում։

Վարելահողերի մեծ մասը գտնվում է սահմանային ուղեկալի մյուս կողմում, որտեղ մուտք գործել կարելի է միայն ռուս սահմանապահների կողմից ամեն տարի տրամադրվող հատուկ անցագրերի միջոցով։ Այդուհանդերձ, հայկաձորցիները, ունենալով անցագիր, նույնիսկ դրա վրա նշված ժամին հաճախ չեն կարողանում հասնել իրենց վարելահողերին։

Տարիներ շարունակ սահմանամերձ գյուղի բնակիչները բարձրաձայնում են՝ կա՛մ ուղեկալների քանակն է պետք ավելացնել, կա՛մ մուտքի ռեժիմը մեղմացնել, հակառակ դեպքում գյուղացիներն աստիճանաբար հրաժարվում են հողը մշակելուց:

«Ամառը աշխատանքների ժամանակ էղնում է, որ ժողովուրդը շատ վատ վիճակի մեջ են ընկնում։ Առավոտը պտի էրթաս, սպասես, ժամկետ են տալի՝ ժամը 10-ին, էրթում ես 10-ին կայնում ես ընդեղ, որ գան բացեն՝ 11-ին, 12-ին, հետո պտի էրթաս, բաց թողեցին, գնացիր ներս՝ փակում են՝ «մենք գնացինք, ժամը էսքանին կգանք», մարդ է՝ աշխատանքի ժամանակ կարող է պատահի վատ զգա, փորձանք պատահի, մինչև իրանք, է, Խարկովից գան հասնին ընդեղ, ամեն ինչն էլ կվերանա արդեն։ Էդ վատ բաներն էլ կա», - պատմում են հայկաձորցիները։ - «Մեզի ավելի ձեռնտու կեղներ էս մեր զաստավը նորից բացեին՝ աշխատեր։ մենք շատ հողեր ունինք, վարելահողեր ունինք գրանիցին, էդ է որ անընդհատ չեն թողնում՝ պասպորտ, պռոպուսկ, հետո ձգձգել, «էսօր արեք, վաղը գնացեք»՝ հողերը չեն էլ մշակում ըտեղ մեծամասամբ»։

Ժամանակին սահմանապահ ուղեկալներից մեկը տեղակայված էր գյուղի տարածքում, և հող մշակելու համար քաշքշուկներն էլ ավելի քիչ էին:

«Դրեցին սենց զաստավները մեկումեջ հանեցին, դե էդիկ իրանց գործն է՝ ինչ-որ վճարման, թե ծախսերի-բաներից կախված։ Հմի տարածությունը, ասենք, մենք հմի ենթարկվում ենք Ջրափիին, Ջրափիից մինչև Խարկով գյուղը 10-12 կիլոմետր հեռավորություն է», - ասում են հայկաձորցիները՝ շեշտելով․ - «Էստեղի մեր զաստավը հանեցին, տարան էստեղից, որ, ըսենք, էս կողմից լրիվ թուրքն է՝ Անին է, թուրքերը ըտեղ են, լրիվ կպած են մեզի»։

Սոս Դավթյանը շարունակում է՝ նույնիսկ անասուններին արոտ չեն կարողանում տանել, քանի որ ուղեկալից այն կողմ է, ու երաշխիք չունեն, որ կենդանիները թուրքական կողմ չեն անցնի: Տարիներ առաջ անասուններին գողացել են, ու այլևս չեն թույլատրել արոտավայր տանել․ - «Արոտավայրեր ունենք՝ արոտներին վաբշե չեն թողում անասուն անցնեն։ Էն ժամանակները՝ մի 15 տարի, 20 տարի առաջ անցրեցին ստեղից, յեքա նախիրով կովերից անցրեցին թուրքերը, գողցան տարան, դրանից հետո էլ մեր կողմից չեն թողում մտնի սահմանը ներս։ Այդ էդ բաներն է»։

Ի՞նչ փուլում է սահմանային ուղեկալի տեղափոխման կամ ռեժիմի թեթևացման գործընթացը, «Ազատություն»-ը հետաքրքրվեց վերջերս Գյումրի այցելած տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանից:

«Խարկով գյուղի ծրագրի նախագիծը ավարտված է, համաձայնությունը պատկան մարմինների կա, հիմա անհրաժեշտ է դրա համար ֆինանսական միջոցների հատկացում։ Հիմա չեմ կարող ասել, որ հատկացումը կա, բայց կաշխատենք այդ ուղղությամբ», - արձագանքեց նախարարը։

Հայկաձորում նաև ոռոգման ու խմելու ջրի խնդիր ունեն, հողատարածքներն անջրդի են, խմելու ջուրն էլ գրաֆիկով է գյուղ հասնում ջրհորից՝ ընդամենը 3 ժամով: Ժամանակին այգիներ են ունեցել, սակայն ջուր չլինելու պատճառով դրանք չորացել են: Ուղեկալից այն կողմ ցանած բերքից էլ, ասում են, գրեթե եկամուտ չունեն․ - «Գյուղատնտեսությամբ զբաղվող ժողովուրդ ենք։ Որ ասենք թե, հա, ապրում ենք, վարում ենք, ցանում ենք, թե օգուտ ենք քաղում, ուղղակի 0-0 է էլի, մե քիչ էլ որ երաշտ էղավ՝ անջրդի պայմաններում, բոլորովին մինուս ենք գնում։ Էն մեծամասնությունը, ըսենք, գյուղի ջահելությունը, ով ի վիճակի է ֆիզիկապես, արտագնա աշխատանքի են գնում, էս մեր տարիքի մարդիկ էլ ստեղա աշխատանքներն ենք յոլա տանում»։

«Իմ տունս հենց սահմանին, հենա, կպած է, գրանիցն է՝ մե 30-40 մետրից կպած ենք, բայց դե ոչ մի բան էլ չկա ըտեղ՝ մեզ սահմանամերձ չեն համարում», - ընդգծում է Սոս Դավթյանը։

Մոտ 500 բնակիչ ունեցող Հայկաձորում ակնկալում են, որ գյուղի կարգավիճակը որպես սահմանամերձ կհստակեցվի, ու արտոնություններ կտրվեն:

Վերջին տարիներին գյուղն ընդգրկվել է տուրիստական գործակալությունների ցանկում: Հատուկ դիտակետից Անիի ավերակներն են երևում, ինչը կարող է տուրիզմի զարգացման հնարավորություն տալ: Սակայն առանց սահմանային ուղեկալի խնդրի լուծման՝ պատմական Անիի պատկերը զբոսաշրջիկների համար հայկական կողմից կմնա անհասանելի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG